կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան

Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ 2020-ին՝ ռուսական S-400 համակարգերի գնումից հետո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Հանգիստ կարող ենք ասել, որ խոսքը CAATSA-ի պատժամիջոցների (որոնք սահմանվել են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի համաձայն. խմբ.) մեղմացման մասին է: Մենք հանդիպել և քննարկել ենք նախագահ Թրամփի և ԱՄՆ նոր դեսպան Թոմ Բարակի հետ։ Կարծում եմ, որ հիմա մենք ավելի արագ կանցնենք CAATSA-ի հետ կապված այս գործընթացը։ Մեր՝ ՆԱՏՕ-ի երկու խոշորագույն անդամների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության համար որևէ սահմանափակում և խոչընդոտ չի կարող լինել»,-ասել է նա։

Էրդողանը նշել է, որ Թրամփի հետ ավելի բաց և կառուցողական կապ է հաստատել, քան ԱՄՆ նախորդ վարչակազմի:

Ավելի վաղ՝ դեռ 2017-ին, Թուրքիան Ռուսաստանի հետ С-400 գնդային լրակազմի մատակարարման պայմանագիր կնքեց և դրանք ստացավ 2019-ին: ԱՄՆ-ն պահանջեց հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ «Patriot»-ի, սակայն Անկարան չհամաձայնեց։ Դրանից հետո Վաշինգտոնը Թուրքիային դուրս թողեց F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից և պատժամիջոցներ սահմանեց պաշտպանական-արդյունաբերական համալիրի ղեկավարների դեմ՝ CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքի համաձայն: ԱՄՆ-ն նաև չեղյալ հայտարարեց F-35-ների վերաբերյալ Թուրքիայի հետ համատեղ հուշագիրը։

  • Կիսվել: