Միջհամայնքային ճանապարհներն ամբողջությամբ մաքրված են և անցանելի. Լոռու մարզպետարան
Լոռու մարզպետարանի աշխատակազմը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորութամբ, փոխմարզպետներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցների և մարզի համայնքների ղեկավարների հետ համագործակցությամբ արդեն երկու օր է՝ մինչև ուշ գիշեր անձամբ են հետևում միջպետական, հանրապետական, մարզային և միջհամայնքային ճանապարհների մաքրման աշխատանքներին: Այդ մասին ասված է մարզպետարանի Ֆեյսբուքի էջում։

«Աննախադեպ տեղումները, չընդհատվող ձնաբուքը դժվարին իրավիճակ են ստեղծել ճանապարհներին: Չնայած աշխատանքներ տարվում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով, հատկապես միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին դժվարություններ են առաջանում:

Եղանակային խիստ պայմանները, չընդհատվող ձյունն ու բուքը թույլ չեն տալիս շուրջօրյա աշխատող ճանապարհաշինարարներին ապահովել անվտանգ երթևեկություն։

Ներկա պահին միջհամայնքային ճանապարհներն ամբողջությամբ մաքրված են և անցանելի, բեռնատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի են հատկապես Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Երևան ճանապարհահատվածները:

Կրկին խնդրում և հորդորում ենք վարորդներին՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- նշված է գրառման մեջ: