հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մեր տնօրենը ոչ մի «լեվի» երեխա չի ընդունել. բողոքի ակցիա թիվ 133 մանկապարտեզում

Մեր տնօրենը ոչ մի «լեվի» երեխա չի ընդունել. բողոքի ակցիա թիվ 133 մանկապարտեզում

Երեւանի թիվ 133 մանկապարտեզի մոտ այսօր՝ մարտի 30-ի առավոտյան բողոքի ակցիա է տեղի ունեցել. մանկապարտեզի աշխատակիցները բողոքում էին, որ աշխատանքից ազատվել է մանկապարտեզի տնօրեն Ժաննա Մանուկյանը, որն անհետ կորածի կին է:

Մանկապարտեզի պահակը, որը զոհված զինվորի հայր է, նշեց. « Երեկ լսեցի, որ մանկապարտեզի վարիչին գործից հանել են եւ շատ վրդովվել եմ, որովհետեւ ինքս զոհվածի հայր եմ եւ շատ եմ զարմանում, որ այսպիսի մարդկանց նման ձեւով են մոտենում: Նրա ամուսնուն արդեն մի քանի ամիս փնտրում են, դուք պատկերացնո՞ւմ եք նրա վիճակը: Այս օրերին շատ պաշտոնյաներ շատ են շահարկում մեր զոհված երեխաների հարցը, ցավակցում են, խոնարհվում են մեր առջեւ: Թող նման մարդիկ մեր առաջ չխոնարհվեն: Թող խոնարհվեն այս ազգի առաջ, հայ հողի համար:

Ընկեր Ժաննան ունի 2 երեխա, եթե նրան գործից հանեցին, ինչ է լինելու նրա երեխաների հետ, ո՞վ պետք է դրա պատասխանը տա»:

Նա հավելեց, որ մանկապատեզի տնօրենը հնարավոր չէ, որ որեւէ անօրինական բան արած լիներ. «Կա՞ մի հիմնարկ, որտեղ ամեն ինչ կատարյալ է: Բոլոր տեղերում թերություններ կան, բայց թերությունն այն աստիճան չի եղել, որ նրան գործից հանեին»:

Մանկապարտեզի տնտեսվար Հասմիկ Դավթյանն էլ հավելեց. «Արդեն տարուց ավելի է, մենք այս կարգավիճակում ենք, ստուգողներն այնպես են ներս մտնում, կարծես գալիս են մեզ բռնելու: Մեր պահանջն է, որ մեր տնօրենին վերադարձնեն: Մեր տնօրենը իրենց լեզվով ասած, ոչ մի «լեւի» երեխա չի ընդունում, բայց ասում են՝ «լեւի» երեխա են պահում: Ցուցակից դուրս չեն եղել այդ երեխաները: Բոլորին ընդունել են օրենքով սահմանված կարգով, բոլոր հիմքերը կան»:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է՝ մանկապարտեզի տնօրենն ըստ իր ցանկության կամ չիմացության հետեւանքով ընտրել եւ ընդունել է որեւէ արտահերթություն չունեցող 12 երեխաների, ովքեր 50-րդ, 47-րդ, 16-րդ եւ այլ հերթագրման համարն են ունեցել՝ չպահպանելով երեխաների ընդունելության համար սահմանված կարգը եւ հերթագրման հաջորդականությունը։

Ռազմիկ Մկրտչյանը հայտնել էր, որ խնդիրը լուծված է. վաղաժամկետ լուծվել է տնօրենի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիրը:

 

  • Կիսվել: