երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Համլետ Պետրոսյանը հրավիրում է Արցախի Տիգրանակերտին նվիրված եռալեզու կայքի գործարկման շնորհանդեսին

Համլետ Պետրոսյանը հրավիրում է Արցախի Տիգրանակերտին նվիրված եռալեզու կայքի գործարկման շնորհանդեսին

Համարյա մեկ տարվա աշխատանքների արդյունքում ձեզ ենք ներկայացնում Արցախի Տիգրանակերտին նվիրված մեր եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) tigranakert.org կայքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացրած արշավախմբի ղեկավար, պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը:

՛՛Մենք փորձել ենք ավելի քան 35 հոդվածների և մոտ 400 նկարների, գծագրերի ու գրչանկարների օգնությամբ ներկայացնել Տիգրանակերտի և Սրցախի անտիկ ու միջնադարյան մշակույթը: Այն հենված է փաստական գիտելիքի, հնագիտական հետազոտությունների մեթոդաբանության ու պատմա-մշակութային քննության վրա: Այստեղ չկա սնապարծություն ու չկա պաթոս: Կա իրողությունների հետևողական ու չեզոք նկարագրություն և քննություն:

Այն ստեղծելն Արցախի հնագիտական արշավախմբի, իմ աշակերտների և անձամբ իմ պարտքն ու պատիվն էր:

Շնորհակալություն բոլոր այն անհատներին ու կազմակերպություններին, որ չեն ընկրկել ու այս ծանր պայմաններում շարունակել են մեր մշակույթի պահպանությանն ու ներկայացմանն ուղղված աշխատանքերը:

Համեցեք շնորհանդեսին, մուտքն ազատ է՛՛,-նշել է նա:

Նշենք, որ կայքի գործարկման շնորհանդեսը տեղի կունենա ս.թ. մայիսի 17-ին ժամը 16:00-ին ԵՊՀ 6-րդ մասնաշենքի գրադարանում (Աբովյան 52, 3-րդ հարկ, 318 սենյակ)։

  • Կիսվել: