ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մեքենայի տեխզննության ժամանակ նոր նախագծով կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը. Թունյան

Մեքենայի տեխզննության ժամանակ նոր նախագծով կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը. Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նոր նախագծի մասին, որով ավտոեքենայի տեխզննության ժամանակ  կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը։

«Ես և իմ գործընկեր Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ ենք դրել օրենքի նախագիծ, որն ընդունվելու դեպքում տեխզննության ժամանակ կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը՝ հնարավորություն տալով գումարները տնօրինել ձեր հայեցողությամբ մինչև դեկտեմբերի 1-ը։

Հարկային օրենսգրքով սահմանված է, որ յուրաքանչյուր տարվա գույքահարկը կարելի է վճարել մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։

Սակայն, միևնույն ժամանակ, օրենսգրքով սահմանված մեկ այլ դրույթ ֆիզիկական անձանց պարտավորեցնում է տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարել մինչև փոխադրամիջոցները տվյալ հարկային տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:

Այսինքն, եթե դուք մեքենան տեխզննման եք տանում, օրինակ, հունվարին կամ փետրվարին և գուքահարկի գծով նախորդ տարիներից պարտք չունեք, միևնույն է՝ ստիպված եք լինում վճարել այդ տարվա ամբողջ գույքահարկը»,- գրել է նա։

  • Կիսվել: