ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մանրամասներ՝ Ադրբեջանում պահվող գերիների և նրանց հարազատների միջև տեղի ունեցած հաղորդակցման վերաբերյալ

Մանրամասներ՝ Ադրբեջանում պահվող գերիների և նրանց հարազատների միջև տեղի ունեցած հաղորդակցման վերաբերյալ

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերեվարված անձանց հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել ընտանիքի անդամների հետ. տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Ավելի վաղ InfoPort.am-ը հայտնել էր, որ Արցախում տեղակայված Ռուսական խաղաղպահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերով Ադրբեջանում գտնվող հայ գերիները հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ։

«Այդ անձանց ԿԽՄԿ ներկայացուցիչների պարբերական տեսակցությունների հիմնական նպատակն է՝ օգնել կապ հաստատել ընտանիքների հետ: Ինչպես գիտեք, շփումների ավանդական ձևը Կարմիր խաչի նամակներն են: Վերջին իրադարձությունների կապակցությամբ իշխանությունների համաձայնությամբ նաև հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հեռախոսազանգերի միջոցով, գործարկել նաև կապի այլ միջոցներ: Զանգերի հնարավորություն, այո՛, տրվել է որոշ դեպքերում»,- ասել է Զառա Ամատունին:

Նա նաև տեղեկացրել է՝ ԿԽՄԿ գործունեությունը տարածաշրջանում ընդլայնվել է: Գրասենյակներ են բացվել Իջևանում ու Գորիսում: «Տարածաշրջանի՝ Երևանի, Լեռնային Ղարաբաղի, Բաքվի գրասենյակներում ընդլայնվել է ԿԽՄԿ կազմը, նոր գրասենյակները բացվել են՝ հաշվի առնելով խնդիրները, որոնք կարող են առաջանալ սահմանամերձ համայնքներում: Տարածաշրջանի համար մեր բյուջեն զգալի աճել է՝ հասնելով այս տարվա համար մոտ 47 միլիոն շվեյցարական ֆրանկի»,- ասել է Ամատունին:

  • Կիսվել: