երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Գիտեմ, որ ընկած վիճակում ենք, բայց այսչափ չէի պատկերացնում. Բագրատ Սրբազան

Գիտեմ, որ ընկած վիճակում ենք, բայց այսչափ չէի պատկերացնում. Բագրատ Սրբազան

Երեկվանից մենք խոսում ենք հաշտության մասին, այս մարդիկ որոշների դեմքերով խոսում են ատելության մասին։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Չեն դադարում, ժողովուրդ, թունավորվել են,  սրա պատասխանատուներն էլ են այս շենքում նստածները։ Ամենավերջին խոսքերն են ասում, ատելություն, թշնամություն՝ ոչ միայն իմ մասին, այլ նաեւ բոլորիս, ժողովրդի մասին։ Սա չէ մեր մտածած Հայաստանը, մեր պատկերացրած Հայաստանը։ Անկեղծ՝ շատ եմ տխրել այսօր, երբ անընդհատ առիթ ունեցա նայելու լուրերի վերնագրեր. ապշած եմ։ Գիտեմ, որ ընկած վիճակում ենք, բայց այսչափ չէի պատկերացնում։ Հենց սրա համար է մեր շարժումը, որպեսզի իսկապես լայն կերպով վերանա մեր կյանքից այս ապիկար վիճակը, եւ ամբողջական ու իրական հաշտություն լինի։ Մեր երկիրը ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես, մտքով ավերակված է․ միայն իրենք են պատասխանատու դրա համար»:

Անդրադառնալով կառավարության շենքի մոտ մի քանի շարքով կանգնած ոստիկաններին՝ Սրբազանն ասաց․ «Մեր տղաներն այնտեղ կանգնած են վահաններով, ի՞նչ են անում այնտեղ, ինչո՞ւ են վահաններով կանգնած, որ ի՞նչ անեն․ սա էլ է սուտ։ Պաշտպանում են այն մարդուն, որին ժողովրդի ինչ-որ մաս քվե՞ է տվել, էդ մարդուն պաշտպանում են իրեն քվե տվողների՞ց․ այսքան վախկոտ կլինի՞ մարդ...»։

 

 


Նա իր խոսքում անդրադարձավ նաեւ ուսանողներին, որոնք այսօր հայտարարել էին դասադուլ ու միացել շարժմանը․ «Երբ հավաքվեցինք այստեղ, իմ տրամադրությունն այն է, որ իրենք գնան, հանգստանան, երեկոյան հանդիպենք, խոսենք, բայց պարզվում է՝ նեղացել են, ասում են՝ ինչո՞ւ չենք գնացել գործողություններ անելու, այսպիսին են մեր երիտասարդները։ Մենք ասում ենք՝ ոչ, իրենք ասում են՝ չէ պիտի անենք»։

 

 

 

 

  • Կիսվել: