Կոտայքի մարզում 03-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, շրջվել և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում. 3 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00–ի սահմաններում Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքում ВАЗ 2103 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, շրջվել և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի օպերատիվորեն ժամանած բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց: Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի, ավագ տեսուչներ Տիգրան Բունիաթյանի և Վարդան Վարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ասլան Փիլոյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից երկուսը ծանր վիճակում են եղել: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: