ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Կլիմայի փոփոխությունն ազդում է Վայոց ձորի արջերի վրա․ FPWC-ն կաշխատի մարդ-վայրի կենդանի կոնֆլիտի մեղմման ուղղությամբ

Կլիմայի փոփոխությունն ազդում է Վայոց ձորի արջերի վրա․ FPWC-ն կաշխատի մարդ-վայրի կենդանի կոնֆլիտի մեղմման ուղղությամբ

Վայոց ձորի մարզում կիրականացվեն հստակ գործողություններ ուղղված մարդ-վայրի կենդանի կոնֆլիտի մեղմմանը։ Խոսքը Վայոց ձորի բնակավայրերին մոտեցող գորշ արջերի մասին է, ինչի համար կենդանին ունի մի շարք դրդապատճառներ, հիմնականում՝ կերի և տարածքների կրճատում, կլիմայի փոփոխություններ և այլն։ Վերջին 5-6 տարիների ընթացքում մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը հատկապես սրվել է Վայոց ձորում․ արջերն իջնում են գյուղեր՝ երբեմն վնասելով գյուղատնտեսական ցանքատարածությունները, պտղատու այգիներն ու մեղվափեթակները, ինչպես նաև մանր ու խոշոր գյուղատնտեսական կենդանիներին: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիամնադրամի (FPWC) մասնագետները կուսումնասիրեն կլիմայի փոփոխության ազդեցությունը խնդրի սրացման տեսանկյունից, թե ինչպես են ջերմաստիճանի կտրուկ տատանումներն ու հարաբերական տաք ձմեռներն ազդում կենդանիների քնից շուտ արթնանալու, կերի պակասի վրա, ինչպես նաև՝ այլ կապակցված խնդիրների վրա:

Առաջիկա երեք տարիների ընթացքում Հիմնադրամն իրականացնելու է «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ Darwin Initiative-ի շրջանակում:

Ծրագրի մանրամասները ներկայացնելու նպատակով մայիսի 13-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում հետաքրքրված կողմերի միջև՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Վայոց ձորի մարզպետարան, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, տարբեր բնապահպանական կազմակերպություններ, որոնց միջև ձևավորված քննարկման արդյունքում առանձնացվել են հետագա աշխատանքների վերաբերյալ մի շարք կարևոր դրույթներ։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, որն իր խոսքում հատուկ ընդգծել է ծրագրի իրականացման գործում ուժերի համախմբման կարևորությունը։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տարիներ շարունակ զբաղվում է մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի ուսումնասիրմամբ Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ շեշտը դնելով կոնֆլիկտի մեղմանն ուղղված գործողությունների վրա: Այս համատեքստում Հիմնադրամը տարիներ շարունակ աջակցում է Վայոց ձորի համայնքներին՝ տրամադրելով էլեկտրական հովիվներ, պաշպանելու իրենց պտղատու այգիները, մեղվափեթակներն ու սեփականությունը, մասնակիորեն փոխհատուցելով հասցված վնասը, ստեղծելով այլընտրանքային աշխատատեղեր տեղաբնակների համար բնապահպանության ոլորտում, կրթելով թիրախային խմբերին և ներգրավելով նրանց բնապահպանական միջոցառումներին:

Ծրագիրը նպատակ ունի մշակելու և իրականացնելու ռազմավարություններ՝ մեղմելու կլիմայի փոփոխության ազդեցությունը վայրի բնության, մասնավորապես վայրի կենդանիների վարքագծի վրա և նվազեցնելու արդյունքում առաջացած հակամարտությունները մարդ-վայրի կենդանի առճակատման համատեքստում: Թիրախավորելով Վայոց Ձորի Եղեգիս համայնքը՝ ծրագիրը միտված է բարձրացնելու տեղաբնակների դիմադրողականությունը կլիմայի փոփոխության ազդակների նկատմամբ՝ տրամադրելով կարողությունների զարգացման հնարավորություններ և խթանելով այլընտրանքային եկամուտների ստեղծումը:

Ընդգծենք, որ որ գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչև 3000 մ բարձրություններում : ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալներով, թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը:

 

  • Կիսվել: