երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԿԳՄՍ նախարարը ԱՄԷ մշակույթի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ԿԳՄՍ նախարարը ԱՄԷ մշակույթի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՄԷ մշակույթի նախարար Ն.Գ. Շեյխ Սալեմ բին Խալիդ Ալ Քասիմիի հետ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը։

ԱՄԷ մշակույթի նախարարը ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին և շնորհակալություն հայտնել այցի, ինչպես նաև արդյունավետ համագործակցության համար։

Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ միջպետական հարաբերություններում մշակութային համագործակցության կարևորությունը։

Կողմերը կարևորել են երկկողմ ծրագրերի շարունակական իրականացումը՝ մշակույթի ոլորտում փորձի փոխանակման և համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպման տեսանկյունից:

Կողմերը քննարկել են նաև ներկայում շրջանառվող «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների մշակույթի նախարարության միջև մշակույթի ոլորտում 2024-2027թթ. համագործակցության մասին» գործնական ծրագրի նախագիծը և պայմանավորվել քայլեր ձեռնարկել դրա վերջնականացման և ստորագրման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության մշակութային իրավունքների ապահովման և ԼՂ տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցերին։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

  • Կիսվել: