երկուշաբթի, դեկտեմբեր 11
11 / 12 / 2023
Կարծրատիպը, թե առողջապահական առաջնային օղակները բարձրակարգ բուժօգնություն չեն մատուցում, վաղուց հնացել է․Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի տնօրեն

Կարծրատիպը, թե առողջապահական առաջնային օղակները բարձրակարգ բուժօգնություն չեն մատուցում, վաղուց հնացել է․Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի տնօրեն

Շիրակի մարզի Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա ՓԲԸ-ում առաջնահերթ կարևորում են և՛ որակը, և՛ մատչելիությունը ու հասանելիությունը, և՛ պացիենտներին հասցեական վերաբերմունքը: Այսպես սկսվեց  Infoport.am-ի զրույցը Աստղիկ Բեյբուտյանի հետ:

-Տիկին Բեյբուտյան, առհասարակ հասարակության շրջանում կա կարծրացած մտածելակերպ, որ առաջնային բուժօգնության օղակներում բարձր մակարդակի բժշկական ծառայություններ չեն մատուցվում: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այս կարծրատիպը եւ ին՞չ եք անում Դուք, որպեսզի, այսպես ասած, կոտրեք այդ մտայնությունը:

-Թույլ տվեք չհամաձայնել վաղուց հնացած այդ կարծիքի հետ։ Ես մինչև ԱԱՊ օղակի տնօրեն նշանակվելը, եղել եմ «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ֊-ի տնօրեն և քաջատեղյակ եմ Covid-19 համավարկի ժամանակ բժիշկների տարած աշխատանքներին։ Երբ համավարկը սկսվեց, ստացիոնար հիվանդանոցները աշխատում էին խիստ ծանրաբեռնված ռեժիմով և կարողանում էին սպասարկել միջին և ծանր աստիճանի հիվանդներին, իսկ արդեն բռնկումների ժամանակ, գրեթե միայն ծանր հիվանդներին։ Այդ ընթացքում ամբողջ ծանրաբեռնվածությունը ընկնում էր ԱԱՊ օղակի վրա։ ԱԱՊ օղակի բուժաշխատողները առանցքային դերակատարում են ունեցել բնակչության առողջության բարելավման և ամրապնդման գործում։ Իրենց հոգատար և բանիմաց վերաբերմունքը կոտրել է այդ կարծրատիպը և հիմա վայելում ենք բնակչության հարգանքն ու պատիվը։

-Առհասարակ, երբ խոսում ենք «Նարեկացի» պոլիկլինիկայի մասին, տեղացիները առաջին հերթին Ձեր բարյացակամ վերաբերմունքն են շեշտում: Արդյո՞ք բարյացակամ վերաբերմունքին զուգահեռ` պոլիկիլինիկան զինված է այն համապատասխան բուժսարքավորումներով, որոնք անհրաժեշտ են առաջնային օգնություն ցուցաբերելու համար:

-Այ՛ո, իհարկե, բարյացակամ վերաբերմունքը արդեն «գործի կեսն է»։ Այդ սկզբունքով աշխատում են նաև պոլիկլինիկայի մյուս աշխատողները հոգատար են,մարդասեր,իրենց աշխատանքի նվիրյալներ են, բանիմաց են իրենց գործում։

Պոլիկլինիկան աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, ապահովված է լաբորատոր գործիքային, ախտորոշիչ բոլոր սարքավորումներով։ Նշեմ որ, վերջերս պոլիկլնիկան համալրվել է նորագույն սարքավորումներով` թվային ռենտգեն սարքով, որը վարկյանների ընթացքում տալիս է հիվանդության վերաբերյալ հստակ պատկեր։ Ապահովվել ենք նաև սոնոգրաֆիայի նորագույն սարքով, լաբորատոր իմունոֆերմենտային անալիզատորով, որը հնարավորություն է տալիս կատարել բազմաթիվ ինֆեկցիաների, հորմոնների, հակամարմինների հետազոտություններ։

Պոլիկլինիկան ունեցել է մեծ ծեռքբերումներ այս տարի։ Արդեն տեղադրել ենք արևային կայաններ։ 

-Հիմնականում ի՞նչ խնդիրների հետ եք բախվում Դուք, որպես պոլիկլինիկայի տնօրեն, որո՞նք են պոլիկլինիկաների առջեւ ծառացած առաջնային խնդիրները:

-Աշխատանքի ընթացքում առաջացած առօրյա խնդիրները լուծվում են իմ և պոլիկլինիկայի աշխատակիցների կողմից։ Իհարկե կան խնդիրներ, որոնք մեր տիրույթում չեն գտնվում։ Այդ խնդիրները քննարկվում են մարզային կառույցների հետ և լուծվում Շիրակի մարզպետ  Մուրադյանի անձնուրաց ջանքերով։ 

-Տիկին Բեյբուտյան, խոսենք նաեւ պոլիկլինիկայի մատուցած ծառայությունների մասին:

-Իրականացնում ենք առողջության առաջնային պահպանման բոլոր ծառայություններ` ընտանեկան բժիշկություն, տեղամասային թերապևտիկ ծառայություն, տեղամասային մանկաբույժական ծառայություն, մակաբարձ-գինեկոլոգիական սպասարկում: Նեղ մասնագիտական ծառայություններից գործում են վիրաբուժավնասվածքաբանական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ներզատաբանական, նյարդաբանական, սրտաբանական, ուռոլոգիական, ֆթիզիատրիկ, մաշկավեներաբանական, ստոմատոլոգիական, ինֆեկցիոն ծառայությունները և դեռահասների կաբինետները:

Գործում է նաև կլինիկական, բիոքիմիական, բջջաբանական լաբորատորիան, ռենտգենաբանական, էլեկտրասրտագրության, ուլտրաձայնային ծառայությունները, ֆիոզիոթերապևտիկ, մանիպուլյացիոն, պատվաստումների կաբինետները, ներպոլիկլինիկական դեղատունը, մատենավարման բաժինը:

-Եվ վերջում, առաջնային բուժօգնություն մատուցող հաստատությունների խնդիրների լուծման հարցում Դուք հանրապետական և մարզային իշխանությունների կողմից աջակցություն զգու՞մ եք:

- Միանշանակ զգում ենք մարզային իշխանությունների կողմից աջակցություն։ Մեր մարզետը` պարոն Մուրադյանը, ամենօրյա ռեժիմով հետևում է կատարվող աշխատանքներին, քննարկում, վերլուծում և հմուտ լուծումներ տալիս։ Հանրապետական և մարզային կառույցների ուշադրության շնորհիվ առողջապահության ոլորտը օրօրի ավելի է զարգանում և մեր առաջ անընդհատ նոր հնարավորություններ են բացվում։

Ներդրվել են բազմաթիվ առողջապահական ծրագրեր, որոնք էլ ավելի են բարձրացնում բուժսպասարկման որակը։ Այլ խոսքով՝ ամեն ինչ արվում է ի նպաստ մեր քաղաքացիների։ Մեր Կառավարությունը` հանձինս Առողջապահության նախարարության, դժվարին ժամանակներում (Covid-19, 44 օրյա պատերազմ), այդ թվում Արցախից բռնի տեղահանված ազգաբնակչությանը օգնություն և աջակցություն ցուցաբերելու հարցում, բազմիցս ապացուցել է, որ կանգնած է մեր ժողովրդի կողքին։ Արվել է հնարավորն ու անհնարինը արագ արձագանքելու և օբյեկտիվ կերպով օգնություն ցուցաբերելու համար։

Նշեմ նաև, որ մինչ օրս տարբեր խնդիրներով մեր պոլիկլինիկա են դիմել Արցախից բռնի տեղահանված մոտ 500 քաղաքացի։ Բոլորին տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում։

 

  • Կիսվել: