հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կրթական համակարգը, մասնավորապես՝ բարձրագույն կրթության ոլորտը լուրջ բարեփոխումների փուլում է. Կարեն Թռչունյան

Կրթական համակարգը, մասնավորապես՝ բարձրագույն կրթության ոլորտը լուրջ բարեփոխումների փուլում է. Կարեն Թռչունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպել է «Erasmus+» ծրագրերի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներին. քննարկման առանցքում բարձրագույն կրթության ոլորտի խնդիրներն էին:

«Կրթական համակարգը, մասնավորապես՝ բարձրագույն կրթության ոլորտը լուրջ բարեփոխումների փուլում է: Ուստի, փորձագիտական խմբերի համակարգված աշխատանքը շատ է կարևորվում: Մեր նպատակը հետազոտությունների վրա նորարարական գաղափարների ներդրումն ու պիլոտային ծրագրերի իրականացումն է: Մինչ այդ՝ ոլորտի պատասխանատուներն ու փորձագետները վերլուծությունների և ուսումնասիրությունների միջոցով պետք է կարողանան հայտնաբերել դաշտում առկա խնդիրները, առաջարկել համակարգային լուծումներ՝ հիմնվելով նաև միջազգային փորձի վրա: Այդ գործընթացի կարևոր բաղադրիչներ են փորձագիտական խմբերի փոխգործակցությունը և փորձագիտական վերլուծությունները մասնագիտական բոլոր հարթակներում ներկայացնելը՝ ակադեմիական հանրության շրջանակում բարձրացնելով իրազեկման մակարդակը»,- հանդիպման ընթացքում ասել է Կարեն Թռչունյանը և հավելել, որ հարկ է կազմել առնվազն երկու տարվա գործողությունների պլան՝ սերտ համագործակցելով Բոլոնիայի փորձագիտական խմբի, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ:

Փորձագիտական խմբի անդամ, «Erasmus+» գրասենյակի հայաստանյան գրասենյակի համակարգող Լանա Կառլովան տեսապատկերների միջոցով ներկայացրել է «Erasmus+» ծրագրերի միջազգային հարթակը, փորձագետների կողմից առաջարկվող գործողությունների պլանը, առաքելության նպատակները, թիրախային խմբերի հետ աշխատանքի տեսլականը, ինչպես նաև «Erasmus+» գրասենյակի պատասխանատվության ներքո գտնվող գործառույթներն ու կրթական գերատեսչությունից ակնկալվող աջակցությունը:

«ԿԳՄՍ նախարարությունից ակնկալում ենք աջակցություն որդեգրած քաղաքականության գաղափարի իրականացման գործընթացին՝ խորհրդակցությունների, թեմատիկ սեմինարների, քննարկումների, մեդիայի հետ աշխատանքի, արդյունքների հանրայնացման և ակադեմիական հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Նախարարությունը տալիս է ռազմավարական այն ուղիները, որոնցով նախանշվում են մեր գործողությունները»,- ընդգծել է Լանա Կառլովան:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նույնպես կարևորել է գործող և արդեն իսկ ավարտված ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքների արդյունավետության բարձրացումը. «Բուհերը պետք է համագործակցեն և տեղյակ լինեն, թե ինչպիսի ծրագրեր են գործում, ինչ հնարավորություններ կան և ինչպես կարող են օգտվել դրանցից: Փորձագետները նույնպես պետք է ակտիվորեն ներգրավվեն այդ գործընթացում՝ բոլոր հնարավոր հարթակներում ներկայացնելով ոլորտի հնարավորությունները, իրականացված և սպասվող ծրագրերը: Պետք է դուրս գալ սեփական բուհի շրջանակից և փորձի փոխանակում իրականացնել` ընդգրկելով ավելի շատ թվով բուհեր»:

Հանդիպման ընթացքում փորձագիտական խմբի անդամները նախարարի տեղակալի հետ քննարկել են նաև մի շարք աշխատանքային հարցեր:

 

  • Կիսվել: