երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Կառավարությունից մարդ պետք ա գա, որ ադրբեջանական կողմից տեղադրված մաքսակետի հետ կապված խնդիրները քննարկենք. Ներքին Հանդի գյուղապետ

Կառավարությունից մարդ պետք ա գա, որ ադրբեջանական կողմից տեղադրված մաքսակետի հետ կապված խնդիրները քննարկենք. Ներքին Հանդի գյուղապետ

Գորիս-Կապան ճանապարհին ճակատենի հատվածում ադրբեջանական կողմից երեկ մաքսակետ դնելուց հետո փաստացի շրջափակման մեջ են հայտնվել վեց հայկական գյուղ` Ճակատենը, Սրաշենը, Ներքին Հանդը, Ծավը, Շիկահողը, Շիշկերտը:

Այդ գյուղերում այս պահին անորոշություն է տիրում կոմունիկացիոն խնդիրների հետ կապված: Ինչպես InfoPort.am-ին հայտնեց Ներքին Հանդի գյուղապետ Խաչիկ Բաղդասարյանը, այս պահին դեռ ճանապարհի հետ կապված խնդիրների չեն բախվել, քանի որ մարդիկ հասկանալով ստեղծված իրավիճակը մնացել են գյուղում:

«Պարենի հետ կապված խնդիրներ էլ դեռ չկան, քանի որ ճանապարհը երեկ գիշերն է փակվել: Հացի խնդիր այսօր չկա, երեկվա ստացածը դեռ բավարար է, իսկ այ վաղը արդեն պետք կլինի հաց բերել: Ու այդ ժամանակ չգիտենք թե ինչ ենք անելու ու ոնց ենք անելու: Անորոշ վիճակ է: Մեղրիով ճանապարհը շատ է երկարում մոտ 120 կմ, շատ դժվար կլինի այդ ճանապարհով մատակարարումներ ապահովել: Մեկը ես մեքենա չունեմ այդ հարցը լուծելու համար, թե ոնց պետք է լինի չգիտենք»,- պատմեց գյուղապետը:

Միևնույն ժամանակ նա հայտնեց, որ առկա խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու համար կառավարությունից պետք է գյուղ «մարդ» գա: «Դե հիմա սպասում ենք, որ գա քննարկենք, տեսնենք, ինչ ենք անում: Ասացին այսօր կգա. երբ կգա, ոնց կգա, ով կգա դեռ չգիտենք»,- հավելեց Բաղդասարյանը:

  • Կիսվել: