Կան շատ հանգամանքներ, որոնց պատճառով իրանցիները շահագրգիռ են, որ Հայաստանը գրանցի հաջողություններ այս պատերազմում. Իրանագետ
Իրանական մամուլում արցախա-ադրբեջանական շփման գծում ակտիվ պատերազմական իրավիճակում հիմնականում գերակշռում են հայկական դիրքորոշումները ներկայացնող տեսակետները, այդ մասին InfoPort.am-ին տեղեկացրեց Իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա հետևում է իրանական մամուլին ու եզրակացրել է՝ իրանական մամուլում փորձ է արվում խուսափել բացահայտ հակաադրբեջանական շեշտադրումներից:
«Բայց հաշվի առնելով իրանցիների ոճը, ապա այդ շեշտադրումները կարելի է կարդալ տողերի արանքում: Խնդիրն այն է, որ Իրանը Ադրբեջանի ներսում ունի համակիրների մեծ բանակ և չի ցանկանում հարվածի տակ դնել այդ բանակը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական բանակի հաղթանակի պարագայում Ադրբեջանի ներսում ստեղծվելու են խոշոր ներքաղաքական խնդիրներ, և Իրանի համակիր ուժերը՝ շիայական խմբերը կարող են մասնակցել այս պետության ներսում իշխանական համակարգի ձևավորմանը կամ հնարավորություն կարող է ստեղծվել իրանամետ իշխանակարգի ձևավորման համար, հետևաբար իրանցիները գործում են չափազանց նուրբ», -InfoPort.am-ին ասաց իրանագետը:
Նրա դիտարկմամբ, իրանական կողմից պարբերաբար հայտնվող դիրքորոշումներում հստակ արձանագրվում է այն հանգամանքը, որ Բաքվի վարչակարգը օգտագործում է մերձավորարևելյան ահաբեկչական ուժերին:
«Ավելին, իրանական մամուլը առաջինն էր, որը հրապարակեց Բաքվի բռնապետի բաշիբոզուկների կողմից կռվող ահաբեկչի լուսանկար, ինչը լրացուցիչ կռվան է այն հանգամանքի համար, որպեսզի իրանական կողմը շահագրգիռ լինի հայկական հաջողություններով, քանի որ այդ ահաբեկիչները կռվել են իրանցի կամավորականների դեմ Սիրիայում, Իրաքում, Մերձավոր Արևելքի այլ հատվածներում: Բացի այդ, դրանց հայտնվելը Իրանի հյուսիսային սահմանների մոտակայքում լրջորեն խաթարում է այդ երկրի անվտանգային միջավայրը: Այս ամենից եզրակացությունն այն է, որ իրանցիները շահագրգիռ են, որ հայկական կողմը գրանցի հաջողություններ»։
Ինչ վերաբերում է արցախյան հակամարտությանը թուրքական ներգրավվածության վերաբերյալ արձագանքներին, ապա ըստ իրանագետի, այդ երկրի ներգրավածությունը «լրջորեն անհանգստացնում է իրանցիներին»:
«Իրանցիները իրենց ձեռքի տակ ունեցած բոլոր հնարավոր միջոցներով փորձում են զսպել թուրքական ներկայության աճը հատկապես նախիջձևանյան հատվածում՝ համարելով, որ այստեղ Թուրքիայի ներկայությունը ուղղակիորեն խաթարում է Իրանի մերձավորարևելյան քաղաքականության տրամաբանությունը: Այսպիսով, մի քանի գործոններ նպաստում են, որ Իրանը ունենա հայամետ դիրքորոշում, որը խիստ բացահայտ կերպով չբարձրաձայնի», -նկատեց Ոսկանյանը:
Նրա խոսքով, Իրանում հայերի նկատմամբ վստահությունը մեծ է և նրանք դրական ընկալում ունեն այդ երկրում: Իրանագետն ասաց, որ իրենք պարբերաբար իրանցի ընկերներից նամակներ են ստանում, որոնք պատրաստակամություն են հայտնում իրենց ունեցած ողջ հնարավորություններով օգնել, որ Հայաստանը կամ հայկական կողմերը տոնեն հաղթանակ:


