հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ՔՏՀԱՏՄ-ը հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ է իրականացրել

ՔՏՀԱՏՄ-ը հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ է իրականացրել

Հուլիսի 23-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից՝ իրականացվող պլանային հրդեհատեխնիկական հետազոտություններին զուգահեռ, Ծաղկաձոր համայնքի Փյունիկ գյուղում գործող SPark by Pioneer ճամբարում անցկացվեց իրազեկող և քարոզչական բնույթի հանդիպում-դասընթաց։

Տեսչական մարմնից հայտնում են՝ իրազեկման աշխատանքներին ներգրավված էին Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետ Վլադիմիր Վահանյանը, տարածքային բաժնի հրդեհային անվտանգության մասնագետները, ինչպես նաև Ռիսկերի գնահատման և վերլուծությունների վարչության, Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավարներն ու աշխատակիցները։

Դասընթացի ընթացքում մասնակիցներին համապարփակ և առարկայական օրինակներով ներկայացվեցին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման պահանջները, անտառային և խոտածածկ տարածքներում հնարավոր հրդեհների առաջացման աղբյուրներն ու դրանց կանխարգելման արդյունավետ մեթոդները։

Մասնագետների կողմից հատուկ անդրադարձ կատարվեց տարածման ռիսկերի նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ քայլերին, արտակարգ իրավիճակներում անձնակազմի և երեխաների ճիշտ գործելակերպին, տարհանման կազմակերպման ձևերին, ինչպես նաև սկզբնական հրդեհաշիջման միջոցների կիրառմանը: Գործնական մասում ճամբարականները ծանոթացան նաև կրակմարիչի անվտանգ օգտագործման կանոններին:

Հանդիպումն անցկացվեց ակտիվ երկխոսության մթնոլորտում և ամփոփվեց հարցուպատասխանի ձևաչափով։ Ճամբարականները հնարավորություն ունեցան ՏՄ աշխատակիցներին ուղղել իրենց հուզող և հետաքրքրող հարցերը, որոնց տրվեցին սպառիչ և մասնագիտական պատասխաններ։

  • Կիսվել: