Իրանի դեմ ԱՄՆ պատերազմի ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը․ Reuters
ԱՄՆ զինված ուժերն Իրանի դեմ պատերազմի ընթացքում արդեն ավելի քան 47 միլիարդ դոլար են ծախսել. հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պենտագոնի տվյալները։ Նշվում է, որ ծախսերի այս գնահատականը ավելի քան 25 տոկոսով գերազանցում է ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ հուլիսին ներկայացրած գնահատականը։
Reuters-ի հարցմանն ի պատասխան՝ Պենտագոնը անմիջապես մեկնաբանություն չի ներկայացրել։ Ծախսերի վերաբերյալ վերջին գնահատականը հրապարակայնորեն չէր ներկայացվել։
Իրանի դեմ պատերազմի աճող ծախսերի մասին տեղեկությունները հրապարակվել են ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրությունների նախաշեմին։ Հանրապետականները փորձում են հաղթահարել ոչ ժողովրդականություն վայելող հակամարտության քաղաքական հետևանքները։ Ընտրությունների արդյունքում կորոշվի, թե որ ուժը կվերահսկի Կոնգրեսը առաջիկա երկու տարիներին։
Պատերազմի ազդեցությունը համաշխարհային էներգակիրների գների վրա նվազեցրել է Հանրապետական կուսակցության թեկնածուների աջակցությունը և վատթարացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության հավանության վարկանիշը։ Թրամփի Հանրապետական կուսակցությունը Կոնգրեսի երկու պալատներում էլ փոքր մեծամասնություն ունի։
Պենտագոնի վերջին գնահատականը ներառում է պատերազմի ընթացիկ ծախսերը։ Բացի այդ, հակամարտության ընթացքում օգտագործված զինամթերքի պաշարները վերականգնելու համար կպահանջվի ավելի քան 29 միլիարդ դոլար։
Ռազմական տեխնիկան փոխարինելու և այսպես կոչված՝ ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար անհրաժեշտ կլինի ավելի քան 6 միլիարդ դոլար։ Դրանց թվում են օդային սարքերը, այդ թվում՝ պատերազմի ընթացքում կորցրած բազմաթիվ անօդաչու թռչող սարքերը։



