Նրա բոլոր նախաձեռնություններն ավարտվել են ողբերգությամբ, զգուշացեք նաև սրանից. Ղազարյան
«Պետական մակարդակով բռնության դեմ պայքարը միայն օրենքների միջոցով չէ, որ արվում է։ Հասարակական հարաբերությունները կարգավորվում են նաև հասարակական նորմերով»,- «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ունեացած ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Բերելով իր օրինակը՝ Ղազարյանն ասաց, որ եթե չի դատապարվում քաղաքական հայացքների համար իր շենքի բակում քաղաքական գործչի նկատմամբ բռնության գործադրումը, ապա այն ունենում է հասարակական այլ դրսևորումներ և կարող է հասնել որոշների ընտանիքներին
«Եվ չի դատապարտվում բռնությունը հարային տրանսպորտում, երբ զինված պաշտոնատար անձը հանրային տրանսպորտում փաստացի բռնության է ենթարկում կնոջն իր անչափահաս զավակի ներկայությամբ ու այն դառնում է նրա քարոզչական թեզը և ողջ քարոզչության ընթացքում նա խոսում է իր ընդդիմախոսների նկատմամբ բռնության մասին, պատերին ծեփել, գետնին խփելով, ասֆալտ լիզելով ՝ եսիմ էլ ինչ անշնորհք և գռեհիկ արտահայտություններով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ըստ նրա, բռնություն է նաև այն, որ Ադրբեջանը բռնություն է իրականացրել 150 հազար արցախցիների նկատմամբ, իսկ նրանց պաշտպանելու պարտականություն ունեցող ՀՀ իշխանությունները ոչինչ չեն արել նրանց պաշտպանելու և բռնությունը դատապարտելու համար։
«Իսկ այս նախաձեռնության հեղինակը, որը «Կանայք հանուն խաղաղության», Մեհրիբան Ալիևային Շուշի հրավիրման, զինված ջոկատի ստաղծման, մարտական գործողությունների մասնակցելու հեղինակ էր, նրա ստեղծած բոլոր նախաձեռնություններն ավարտվել են ողբերգությամբ, զգուշացեք նաև այս նախաձեռնությունից»,-հայտարարեց Ղազարյանը։



