Պետությունը պետք է երաշխավորի մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքի պաշտպանությամբ զբաղվող անձանց իրավունքների պաշտպանությունը
Հոկտեմբերի 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը մասնակցել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում կազմակերպված՝ «Պաշտպանների պաշտպանությունը․ Եվրոպայում բնապահպանական շահերի պաշտպանության գործունեության երաշխավորումը» խորագրով քննարկմանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքի պաշտպանությամբ զբաղվող անձանց առջև ծառացած մարտահրավերներին, նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, ինչպես նաև մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքի հարցերով հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի՝ SLAPP-ների կանխարգելման ու արձագանքման արնչությամբ առկա խնդիրներին և այլն։
Ժաննա Հակոբյանը ներկայացրել է Հայաստանում առկա իրավիճակը, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լիազորությունները մաքուր առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքի երաշխավորման ոլորտում: Իր խոսքում ՄԻՊ ներկայացուցիչը խիստ մտահոգիչ է համարել այն, որ դեռևս լուսծումներ չեն ստացել Պաշտպանի կողմից բազմիցս տարբեր ձևաչափերով բարձրաձայնվող խնդիրները, չեն նվազեցվել շրջակա միջավայրի պահպանության հարցերով դատարան դիմելու համար հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, չեն ներդրվել հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի (SLAPP), այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում նման հայցերի կանխարգելման ու արձագանքման արդյունավետ կառուցակարգեր և այլն։
Միջոցառման շրջանակում կարևորվել է տարբեր դերակատարների համագործակցության անհրաժեշտությունը ոլորտում արձանագրված խնդիրների հաղթահարման նպատակով:



