ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Հրշեջ փրկարարական ջոկատների շենքային պայմանների բարելավումը՝ 2021 թվականի առաջնահերթություններից

Հրշեջ փրկարարական ջոկատների շենքային պայմանների բարելավումը՝ 2021 թվականի առաջնահերթություններից

Շիրակի մարզի 38 անտառամերձ բնակավայրերում ձևավորվել են 45 կամավոր հրշեջ խմբեր՝ 305 մարդու ներգրավվածությամբ: Ստեղծվել են նաև պատանի հրշեջ փրկարարական 49 թիմեր, որոնցում ընդգրկված է բարձր դասարանի 344 աշակերտ 52 դպրոցից:

Շիրակի, Արագածոտնի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունների պետերը հանդես են եկել 2021 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվություններով: Նիստերը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Կարապետ Մանուկյանը:

Շվեյցարիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության հետ իրականացվող «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրերի շրջանակներում` Շիրակի մարզային փրկարարական վարչության և Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի բազայի հիման վրա ստեղծվել է «Շիրակ» քաղաքային որոնողափրկարարական միջին թիմը: INSARAG-ի ներքին որակավորում անցած քաղաքային որոնողափրկարարական թիմը 2021 թվականին 32-ժամյա դաշտային վարժանք է անցկացրել:

Անցած տարի շահագործման են հանձնվել Ախուրյանի և Գյումրի 2 ՀՓՋ-ների (հրշեջ փրկարարական ջոկատ) շենքերը: Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի կառուցումը շարունակվում է:

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության գործունեությունը հիմնականում ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստմանը, արտակարգ իրավիճակների և դեպքերի արձագանքմանը, մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայությանը, կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, հրշեջ-փրկարարական ուժերի պատրաստականության բարձրացմանը և այլն:

Տարվա ընթացքում վերանորոգվել է Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի պահեստային ավտոկայանատեղին, այն հարմարեցվել է որպես ուսումնավարժությունների անցկացման շինություն, որտեղ կարող է ստեղծվել ծխապատ գոտի: Շարունակվում են Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Ապարանի ՀՓՋ-ի շենքերի նորոգման աշխատանքները:

Տարեկան կտրվածքով պլանային առաջադրանքները կատարվել են նաև Արմավիրի մարզում: Մարզային փրկարարական վարչության կողմից աշխատանքներ են տարվել մարզում առկա անսարք շչակների վերանորոգման և 18 նոր շչակների ձեռքբերման ուղղությամբ:
5 ջրածորաններ համապատասխանեցվել են հրշեջ ավտոմեքենաների մարտավարատեխնիկական տվյալներին և շահագործման են հանձնվել 8 նոր հիդրանտներ:

Մարզային փրկարարական վարչությունների պետերը հանդես են եկել առաջարկություններով՝ հիմնականում ուղղված բնակչության, քաղաքացիական պաշտպանության համակարգերի կատարելագործմանը և ծառայության առավել արդյունավետ կազմակերպմանը:

 

  • Կիսվել: