երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրազդանի կիրճից մի քանի օրերի ընթացքում դուրս է բերվել մոտ 25 բեռնատար աղբ

Հրազդանի կիրճից մի քանի օրերի ընթացքում դուրս է բերվել մոտ 25 բեռնատար աղբ

Արդեն մի քանի օր է՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները՝ տնօրեն Արմեն Բեգոյանի և Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի գլխավորությամբ հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել՝ Հրազդանի կիրճում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» Արաբկիրի բաժնի և Արաբկիրի թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները մի քանի օր շարունակ իսկական գրոհ էին սկսել ժողովրդին հայտնի Մալականի այգուց մինչև Կիևյան կամրջի և Հաղթանակ կամրջի հատվածում, որտեղ որոշ «վայ քաղաքացիների» փնթի վերաբերմունքի պատճառով Հրազդանի կիրճը լցված էր կենցաղային ու շինարարական աղբով:

Տարածքից հեռացվել է մոտ 25 բեռնատար աղբ, ու նմանատիպ սանիտարական մաքրման աշխատանքներ Հրազդանի կիրճում, կարելի է ասել, տեղի է ունեցել Խորհրդային տարիներին, և երբ Երևանի քաղաքապետերն էին Վանո Սիրադեղյանն ու Տարոն Մարգարյանը:Այս 3 օրերի ընթացքում այնքան աղբ հեռացվեց Հրազդանի կիրճից, որ եթե այդ ամենը հավաքվեր մի տեղ, կդառնար «մինի աղբանոց»:

Ամեն մի անկյունից ու ծառի տակից մաքրման աշխատանքներում ներգրավված անձինք աղբ էր, որ դուրս էին բերում:Մնում է՝ քաղաքացիների կողմից ըստ արժանվույնս գնահատվի Երևանի քաղաքապետարանի, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի, նույն ՀՈԱԿ-ի Արաբկիրի մասնաճյուղի և Արաբկիրի թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների գործը, և առաջնորդվեն «Մաքուր պահենք մեր քաղաքը» կարգախոսով:Իսկ Երևանի քաղաքապետարանն էլ ցանկալի է, որպեսզի աշխատանքներում ներգրավված բանվորների աշխատավարձները բարձրացնի, քանի որ իրենց կատարած ազգանվեր ու բարի գործի դիմաց չնչին աշխատավարձ են ստանում:

 

  • Կիսվել: