շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Արարատի մարզում

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Արարատի մարզում

Հունիսի 6-ին Արարատի մարզում անցկացվել է «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն: Այդ մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:
 
 
Հրամանատարաշտաբային ուսումնավարժության նպատակն էր բարելավել մարզի ղեկավար կազմի ունակությունները ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման գործում, կատարելագործել մարզի արձագանքող ուժերի գործնական հմտությունները հնարավոր ջրածածկման գոտում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ, ստուգել մարզի արտակարգ իրավիճակներում գործելու պլանի իրատեսությունը։
 
 
Ուսումնավարժությանը ներգրավված էին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Արարատի մարզային փրկարարական և ոստիկանության մարզային վարչությունների ծառայողները, Արարատի մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը, տարհանման հանձնաժողովը, մարզային ՔՊ ծառայությունների պետերը, Արտաշատ քաղաքի տարհանման հանձնաժողովը, Լանջազատ բնակավայրի վարչական ղեկավարը, դպրոցի անձնակազմը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արտաշատի ԳԳՄ-ն և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Արտաշատ» տեղամասը։
 
 
Ուսումնավարժությունն անցկացվել է երկու փուլով։ Տեսական մասն անցկացվել է ՀՀ Արարատի մարզպետարանում։ Մասնակիցները ներկայացրել են ստեղծված իրավիճակը, հանդես եկան առաջարկություններով և զեկույցներով։
Ուսումնավարժության գործնական մասն անցկացվել է Լանջազատ բնակավայրում։ Լանջազատ բնակավայրի միջնակարգ դպրոցի տարհանման հավաքակայանից կազմակերպվեց բնակչության տարհանում դեպի համայնքի չջրածածկված գոտում ծավալված վրանային ճամբարներ, որտեղ համայնքի տարհանման հանձնաժողովի կողմից իրականացվել է բնակչության կենսաապահովում։
 
 
Այնուհետև խաղարկվել է Լանջազատ բնակավայրի մարզադպրոցում հրդեհի բռնկման սցենար, որին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ Արտաշատի և Վեդու ՀՓՋ-ներից մեկական մարտական հաշվարկ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արտաշատի ԳԳՄ-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղի Արտաշատի էլեկտրական ցանցի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Արտաշատ» տեղամասի վթարավերականգնողական բրիգադները։ Իրականացվել են հրդեհաշիջման և վթարավերականգնողական աշխատանքներ, հետախուզության նպատակով կիրառվել է անօդաչու թռչող սարք։
 
Հրշեջ-փրկարարները կատարել են գետանցման և տուժածներին ալպինիստական գույքով տեղափոխման աշխատանքներ։
 
Ուսումնավարժության գործնական մասի ավարտից հետո մասնակիցները շտաբում ամփոփել են կատարված աշխատանքները, հանդես եկել առաջարկություններով․ ավարտին ՀՇՈՒ-ի ղեկավարն ամփոփել է ուսումնավարժության արդյունքները։

  • Կիսվել: