երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հիշեք Հրաչյա Հովհաննիսյանին, ով հայրենիքից երբեք չբողոքեց. Վարդան Բալյան

Հիշեք Հրաչյա Հովհաննիսյանին, ով հայրենիքից երբեք չբողոքեց. Վարդան Բալյան

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի դիրքերում, մարտական հերթապահություն իրականացնելիս, թշնամու դիպուկահարի դավադիր կրակոցից զոհվեց հորեղբայրս՝ Հրաչյա Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը։

 

«Վազգեն Առաջին կաթողիկոսի պատգամ-կոչով էր ապրում.

Մեկ սիրտ, մեկ հոգի, մեկ առաքելություն, առանց այդ մեկության ու միասնության անհնար կլինի բուժել մեր վերքերը, ցրել մեր տագնապները, հույս տածել մեր արդար սպասումների լուծման նկատմամբ ու հավատալ հայոց գալիքին:

Արցախից, որտեղից սերում էր հայրը, նրա հոգին էր, Սյունիքը՝ իր պաշտելի մոր ծննդավայրը, նրա սիրտն էր, առաքելությունը՝ հայրենիքին անմնացորդ նվիրումով ծառայելը:

2016-ին 59 տարեկան էր, Մելլաթ բանկի իրավաբանական բաժնի պետ՝ բարձր աշխատավարձով, բայց առաջին օրից կամավորագրվեց ու մեկնեց Արցախ: Հետո եղավ աշխատանքից անօրինական ազատում՝ Արցախի հյուսիս-արևելքում անօրինական զինված ստորաբաժանման կազմում Ադրբեջանի հանրապետության դեմ ռազմական գործողությունների մասնակցության պատճառով աշխատանքից  անհարգելի բացակայության պատճառաբանությամբ: Երկու տարուց ավել տևած դատավարական պայքարում երեք դատական ատյանում պաշտպանեց հայրենիքը պաշտպանելու իր իրավունքը ու փոխհատուցման գումարից երեք միլիոնից ավելի փոխանցեց Զինվորների ապահովագրության հիմնադրամին: 44-օրյա պատերազմի առաջին օրից Հադրութում էր, պատերազմից հետո՝ ռազմական վերապատրաստման դասընթացներ, վարժանքներ, մարտական հերթապահություն դիրքերում:

Ինձ համար դժվար էր գրել, բառեր չէի գտնում, բայց...

Շատերն այսօր խոսում են տարիքի մասին՝ 67 տարեկան: Քիչ չեն մարդիկ, ում թվում է պատեհ առիթ են գտել հայրենիքի պաշտպանությանը կամավորագրման ներկա համակարգը քննադատելու համար և իրենց թույլ են տալիս սահման՝ մեր զինվորին օգնության մեկնող մարդկանց հասցեին ավելորդ պիտակումներ:

...  Հիշեք Հրաչյա Հովհաննիսյանին, ով հայրենիքից երբեք չբողոքեց, հայրենիքից երբևէ չնեղացավ, ծառայեց հայրենիքին անմնացորդ նվիրումով նրան խենթ սիրահար զինվորի նման:

Մեկ սիրտ, մեկ հոգի, մեկ առաքելություն: Հանգչիր խաղաղությամբ Անմահների բանակի հավերժ զինվոր»։

  • Կիսվել: