ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկերոջ հետ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի հետ։ Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Զրույցի ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարն ընդգծել է երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթների իրագործման կարևորությունը՝ նշելով, որ այն կայուն և ամուր հիմքեր է ստեղծում համագործակցության շրջանակի ընդլայնման համար։
Անդրադառնալով երկու երկրների միջև կրթական և մասնագիտական կողմնորոշման ծրագրերի շուրջ համագործակցության զարգացման անհրաժեշտությանը՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել դիտարկել Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի առաջարկը՝ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ ստեղծելու վերաբերյալ։