երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայկական հետքերի որոնումներով...

Հայկական հետքերի որոնումներով...

«Օտար, ամայի ճամփեքի վրա»... Գուցե կարծեք, որ խոսքը Ավ. Իսահակյանի հայտնի տողերի մասին է, սակայն շտապում եմ ասել, որ այս անգամ Հանրայինի համանուն թողարկման մասին է, որը նույնքան սիրված է, որքան այդ երգեցիկ տողերը: Այսօր չենք ներկայացնելու այն հսկայական աշխատանքը, որ արդեն գրեթե 15 տարի մեզ ներկայացնում է նախագծի ստեղծագործական խումբը: Անվիճելի փաստ է, որ Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի (ՀԱԱ) պատրաստած բոլոր հեռուստանախագծերը առաջատար են և սիրված հեռուստադիտողի կողմից:

Այսօր կանդրադառնանք ՀԱԱ-ի գործունեության մեկ այլ ոլորտի: ՀԱԱ -ի նկարահանող խումբը` նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանի և ստեղծագործական տնօրեն Տաթևիկ Սայադյանի ղեկավարությամբ, տարիներ շարունակ ճամփորդելով և հեռուստադիտողին ներկայացնելով օտարների մշակույթն ու կենսակերպը, տարբեր քաղաքների տեսարժան վայրերն ու խորհրդանիշները, այդ երկրներում բացահայտել է հայկական հարուստ ժառանգություն: Երբեմն այդ վկայությունները արդեն հայտնի են եղել, սակայն հանրությանը դեռևս պատշաճ չներկայացված, և այս տաղանդավոր մարդիկ որոշել են աշխարհում հայկական վկայություններն ամբողջացել հանրագիտարանային բնույթի գրքերում:

Գաղափարը, համաձայնեք, իրոք գրավիչ է, բայց կարծես յուրատեսակ մարտահրավեր լինի, քանի որ բավականին թանկ ռեսուրսներ, բարդ աշխատանք և երկար ժամանակ է հարկավոր նման հսկայական ու կարևոր միտքը կյանքի կոչելու համար: Սակայն այսօր, ի ուրախություն մեզ բոլորիս, այդ ծավալուն նախագիծը իրականություն է:

Վիվա-ՄՏՍ ընկերության ֆինանսավորմամբ, Համահայկական աշխարհագրական ասոցիացիան` տնօրեն Տաթևիկ Սայադյանի անմիջական ղեկավարությամբ , հրատարակել է տասը հատոր, որոնցից 4-ը բավականին ընդգրկուն կերպով ներկայացնում են ողջ աշխարհի հայկական հուշարձանները: «800 հուշարձան աշխարհի ամենատարբեր ծայրերում,- ասում է Համահայկականի տնօրեն և այս նախագծի անմիջական ղեկավար Տաթևիկ Սայադյանը,- սա հսկայական աշխատանքի արդյունք է, վստահ եմ, չկա աշխարհում նման այլ հայկական հրատարակություն, որում այսքան մանրամասն ներկայացված լինեն այդ հուշարձանները: Իհարկե այդ չորս հատորների հրատարակումից հետո, աշխարհում դրանց թիվն աճել է: Ես հույս ունեմ, որ մի օր կկարողանանք անդրադառնալ նաև այդ նոր վկայություններին, քանի որ ունենք հստակ որոշում, որ այս կարևոր գաղափարը շարունակական է լինելու»:

Մեծ ոգևորությամբ Տաթևիկ Սայադյանը շարունակում է խոսել այս հրաշալի գրքերի մասին,-«Աշխարհի հայկական վկայությունները ներկայացնող այս նախագիծը համարում եմ «Օտար, ամայի ճամփեքի վրա» հեռուստանախագծի արբանյակը, քանի որ Ռաֆայել Հովհաննիսյանի հետ միասին, նկարահանումների ժամանակ մեծ ոգևորությամբ բացահայտում էինք ոչ միայն հայկական հուշարձաններ, այլև անվանի հայերի, որոնց գործունեությունը երբեն դուրս է մնացել մեր հասարակության ուշադրությունից, սակայն մեծ գնահատանքի է արժանացել հենց այն երկրներում, որտեղ նրանք ապրում են: Այսպիսով ծվեցին երաժիշտների, նկարիչների, կինոգործիչների մասին պարմող երկհատորյակները: Վերջին` տասներոդ գիրքը նվիրված է Շառլ Ազնավուրի հիշատակին: Մեծ հույս ու ցանկություն ունեմ այս նախագիծը շարունակելու, քանի որ աշխարհում հայերի ներկայությունը շատ ավելի ծավալուն է, քան հնարավոր էր տեղավորել այս տասը հատորներում»:

Ի՞նչ զգացողություններ եք ունենում, երբ ամեն անգամ ձեր ձեռքն եք վերցնում նախագծի նոր հատորը:

«Մեկ բառով կասեմ` հպարտություն: Աշխատանքի բերումով շատ եմ ճամփորդում` Գերմանիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իտալիա, Չեխիա, Սլովակիա, Լեհաստան, Ռումինիա, Մոլդովա, Ուկրաինա, Իսրայել, Արաբական միացյալ Էմիրություններ, Եգիպտոս, Ռուսաստան և այլն... և հնարավորություն եմ ունեցել անձամբ ծանոթանալու այդ գրքերում ընդգրկված մեր աշխարհահռչակ հայրենակիցներից շատերի հետ և անձամբ նրանց կամ իրենց ժառանգներին այս գրքերը նվիրելու: Սա արտասովոր զգացողություն է: Օրինակ, երբ արտերկրում նկարահանումների ժամանակ հյուընկալվում եմ ՀՀ դեսպանների, համայնքային կառույցների ղեկավարների, հայկական ազգային կրթական հաստատությունների գրասենյակներ և պահարանում` աչքի ընկնող տեղում տեսնում եմ այս գրքերը, մեկ անգամ ևս գիտակցում եմ մեր թիմի արած գործի կարևորության մասին, հասկանում եմ, որ սրանք պարզապես գրքեր լինելուց բացի, շատ լավ միջոց են մեր ազգային ժառանգությունը նաև անգլալեզու լսարանին հասանելի դարձնելու հարցում: Սա եզակի նախագիծ է և ես չափազանց ուրախ եմ, որ հնարավորոություն եմ ունեցել ղեկավարելու այս բարդ ու պատասխանատու աշխատանքը և այս հատորները համարում եմ իմ ստեղծագործական կյանքի կարևոր նվաճումներից»:

  • Կիսվել: