շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հանրային քննարկման է դրվել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը

Հանրային քննարկման է դրվել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի, ինչպես նաև հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կլուծվեն ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք հիմնարար խնդիրներ, ինչը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գործատուների ներգրավմանը և սոցիալական գործընկերության ընդլայնմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը և որակավորումների փոխճանաչմանը:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները ներառում են հետևյալ առանցքային ուղղությունները.

ՄԿՈՒ օրենքում օգտագործվող հասկացությունների և դրանց սահմանումների ներդաշնակեցում

Վերացվել է գործող օրենքի տարբերակումը մասնագիտական ուսումնական հաստատությունների երկու տեսակների միջև՝ «քոլեջ» և «ուսումնարան», որը գործնական որևէ խնդիր չէր լուծում։ Փոխարենը՝ մասնագիտական կրթության համակարգում սահմանվել է ուսհաստատության միայն «քոլեջ» տեսակը՝ տարբերակելով վերջիններիս կողմից ըստ լիցենզիայի իրականացվող կրթական ծրագրերի մակարդակները՝ արհեստագործական և միջին մասնագիտական։  

ԱՀՈՒ համակարգի կատարելագործում

Դուալ ԱՀՈՒ-ի արդյունավետ իրականացման համար սահմանվել են ներգրավված գործընկերների (ուսանողների, ընկերությունների և ՄԿՈՒ հաստատությունների) իրավունքներն ու պարտականությունները, կարգավորվել են վճարման, աշխատաժամանակի, ապահովագրության, ռիսկերի բաշխման և աշխատանքային իրավահարաբերություններից բխող այլ հարցեր։ Գործատուի մոտ աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպումը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գործատուների ներգրավմանը և սոցիալական գործընկերության ընդլայնմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը և որակավորումների փոխճանաչմանը և այլն: 

Հավասար հնարավորությունների ապահովում՝ կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման և ներառման միջոցով

Նախագծով համընդհանուր ներառական կրթությունը հռչակվում է որպես յուրաքանչյուր ուսանողի կրթության իրավունքի ապահովման երաշխիք՝ կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովման միջոցով։ Սահմանվել է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների ուսումնառությունը կազմակերպվում է նրանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, դրան համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների սահմանման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անհատական ուսուցման պլանի հիման վրա։

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հոկտեմբերի 29-ը կարող են նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

  • Կիսվել: