ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Եթե ցույց չտանք, որ մարդիկ դժգոհ են, հնարավոր է՝ այս մեթոդները շարունակվեն մեզ մոտ. Նարեկ Կարապետյան

Եթե ցույց չտանք, որ մարդիկ դժգոհ են, հնարավոր է՝ այս մեթոդները շարունակվեն մեզ մոտ. Նարեկ Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանն ընտանիքի հետ «Մալիբուի» այգում է, որտեղից սկսվել է երթ դեպի ԱԱԾ մեկուսարան։

Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Բոլորի հետ էլ կարող են այսպես վարվել, եթե մենք ցույց չտանք, որ մարդիկ դժգոհ են, հնարավոր է՝ այս մեթոդները շարունակվեն մեզ մոտ։

Հասարակական ու միջազգային ճնշումը պետք է զգացվի, ուղղակի կա մտավախություն, որ չնայած բոլոր կողմերի ճնշման, այսինքն՝ միջազգային հանրության, իրավական, մարդու իրավունքների պաշտպանության կառույցների, հնարավոր է՝ ապօրինությունները Հայաստանում փորձեն շարունակել, բայց կարծում եմ՝ հասարակական կոշտ վերաբերմունքը իր արդյունքը կտա»:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի այսօրվա որոշումը, որով անփոփոխ թողնվեց Սամվել կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու որոշումը, Նարեկ Կարապետյանն ասաց՝ կանխատեսելի էր։

Նշենք, որ Երեւանում Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգուց (Մալիբու) երթ է մեկնարկել՝ ի պաշտպանություն «Տաշիր» ընկերությունների խմբի և «ՀԷՑ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի։ Երթի մասնակիցները հագել են սպիտակ շապիկներ, որոնց վրա գրված է՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին»։

Երթը կհասնի մինչեւ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը՝ ԱԱԾ մեկուսարան։

 

  • Կիսվել: