շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Եվրոպայում շոգը ջերմաստիճանի ռեկորդներ է սահմանում. Euronews

Եվրոպայում շոգը ջերմաստիճանի ռեկորդներ է սահմանում. Euronews

Եվրոպայում շոգը գերազանցում է ջերմաստիճանի ռեկորդները, մայրցամաքի որոշ մասերում օդի ջերմաստիճանը բարձր է 40 աստիճանից, գրում է Euronews-ը:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ ուրբաթ Իտալիայում, ինչպես գրեթե ամբողջ Հարավային Եվրոպայում, շոգը կհասնի գագաթնակետին։

Իտալիայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երկրի 27 խոշոր քաղաքներից 17-ում գրանցվել են անբնական բարձր ջերմաստիճաններ։ Շաբաթվա սկզբին մահացել է 5 մարդ, շոգից ասֆալտը հալչում է։

Ավստրիայում գրանցվել է բարձր ջերմաստիճան՝ 38 աստիճան ըստ Ցելսիուսի։ Շոգն ու երաշտը մեծացրել են նաև անտառային հրդեհների առաջացման վտանգը։ Վերին Ավստրիայում հրդեհներ են բռնկվել:

Ծայրահեղ շոգի ֆոնին Շվեյցարիայում և Ֆրանսիայում ստիպված են եղել կրճատել ատոմակայանների հզորությունները կամ ամբողջությամբ դադարեցնել դրանց աշխատանքը, հաղորդում է Euronews-ը։

Շվեյցարիայում մասնակիորեն էլեկտրացանցից անջատվել է «Բեզնաու» ատոմակայանը: Մեկ ռեակտորի աշխատանքն ամբողջությամբ է դադարեցվել, մյուսն աշխատում է 50% հզորությամբ։ Ֆրանսիական EDF էներգետիկ ընկերությունը դադարեցրել է երկրի հարավում գտնվող Գոլֆեշ ատոմակայանի գործունեությունը։ Պատճառն ատոմակայանների մոտ հոսող գետերի ջրերի բարձր ջերմաստիճանն է:

Հրդեհները մոլեգնում են նաև Թուրքիայում: Կրակը հասել է Իզմիր նահանգի ափամերձ Չեշմե քաղաք։ Հրդեհները մարելու համար գործի են դրվել հարյուրավոր հրշեջներ, ինչպես նաև ինքնաթիռներ և ուղղաթիռներ։

Անցած շաբաթվա ընթացքում Թուրքիայում հարյուրավոր հրդեհներ են բռնկվել կիզիչ արևի, ցածր խոնավության և ուժեղ քամու պատճառով։ Դրանց մեծ մասը մարվել է։ Սակայն տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, հաղորդվում է մեկ զոհի մասին:

ԵՄ-ի Copernicus կլիմայական հետազոտությունների գործակալության 2024 թվականի զեկույցի համաձայն՝ Եվրոպան Երկրի վրա ամենաարագ տաքացող մայրցամաքն է: 1980-ական թվականներից ի վեր Եվրոպայում ջերմաստիճանը բարձրացել է համաշխարհային միջին ցուցանիշից երկու անգամ ավելի արագ։

  • Կիսվել: