ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Կոմիտեի նախագահի տեղակալները, քննչական և օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Կոմիտեի այլ ծառայողներ:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալ Արմեն Ասատրյանին՝ նրան և Կոմիտեի կազմը համալրած նոր ծառայողներին մաղթելով արդյունավետ գործունեություն:
Կոմիտեի նախագահն անդրադարձել է իր՝ 2025 թվականի հունիսի 6-ի հրամանով ստեղծված խորհրդակցական մարմնի (Կոլեգիայի) գործունեության կարգին, որի հիմնական նպատակը առավել հրատապ և արդիական հարցերի քննարկման, դրանց արագ և համարժեք արձագանքման ապահովումն է:
Արթուր Նահապետյանը խոսել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված կառուցվածքային փոփոխությունների, այդ թվում՝ նոր ստեղծված ստորաբաժանմանը՝ Ներքին անվտանգության և վերահսկողության վարչությանը վերապահված վերահսկողական լիազորությունների ու գործառույթների մասին:
Կառուցվածքային փոփոխությունների համատեքստում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ առավել արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից Կոմիտեի նախագահը կարևորել է մարզային ստորաբաժանումներ ունենալու անհրաժեշտությունը՝ նշելով, որ առաջիկայում աշխատանքներ կիրականացվեն նաև այդ ուղղությամբ:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև Կոմիտեի նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ժամկետներին ու ծառայողների աշխատանքի գնահատման չափանիշներին վերաբերող հարցեր:
Արթուր Նահապետյանը անդրադարձել է Կոմիտեում մեկ տարուց ավել քննվող քրեական վարույթներով իրականացվող նախաքննության ժամկետներին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իր պահանջն է՝ հնարավորինս արագ ավարտել տևական ժամանակ քննվող գործերը և ուշադրություն դարձնել բոլոր վարույթներով նախաքննության որակի բարձրացմանը:
Անդրադարձ է եղել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ներկայացված օրենսդրական մի շարք նախաձեռնությունների, ինչպես նաև կարգապահական և մրցութային հանձնաժողովների գործունեության լավարկմանը վերաբերող հարցերին:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ Կոլեգիայի որոշումների կենսագործումն առավել կբարձրացնի Կոմիտեի առջև դրված խնդիրների կատարման արդյունավետությունը: