Հանձնաժողովը կոչ է անում Ստյոպա Սաֆարյանին՝ զերծ մնալ սեքսիստական բնույթի արտահայտություններից
Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովը կարծում է, որ LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումը, որը վերաբերում է Հանրային խորհրդի անդամ, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կողմից ս․թ․ հոկտեմբերի 29-ին իր գրասենյակում նախաձեռնված քննարկմանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունն արգելելու, լրատվամիջոցների երկու կին լրագրողների հասցեին անձնական վիրավորանքներ հասցնելու հարցին, քաղաքական, իրավական և բարոյական կողմեր ունեցող հարց է:
Այս մասին նշված է ՀԽ Քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ, մասնավորապես, ասված է.
«Ս․թ․ նոյեմբերի 13-ին Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովը (հանձնաժողովի նախագահ՝ Լարիսա Ալավերդյան) քննարկել է LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումը, որը վերաբերում է Հանրային խորհրդի անդամ, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կողմից ս․թ․ հոկտեմբերի 29-ին իր գրասենյակում նախաձեռնված քննարկմանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունն արգելելու, լրատվամիջոցների երկու կին լրագրողների հասցեին անձնական վիրավորանքներ հասցնելու հարցին։
Հանձնաժողովը գտնում է, որ հարցն ունի քաղաքական, իրավական և բարոյական կողմ։
Զերծ մնալով հարցի վերաբերյալ քաղաքական և իրավական գնահատականներից (հատկապես, որ դիմումատուն դատական հայց է ներկայացրել դատարան)՝ հանձնաժողովն իր դիրքորոշումն է արտահայտում հարցի բարոյական կողմի վերաբերյալ։
Հանձնաժողովը գտնում է, որ Ս.Սաֆարյանի առանձին արտահայտություններ (օրինակ՝ լրագրողներին «պոռնկախումբ» անվանելը, լրատվամիջոցի ներկայացուցչի հրավերը «սաունա հրավիրելու» հետ համեմատելը) անցնում են էթիկականի սահմանները, ունեն սեքսիստական բնույթ: Հանձնաժողովը կոչ է անում Ստյոպա Սաֆարյանին զերծ մնալ նման գործելակերպից։
Հանձնաժողովը մտահոգություն է հայտնում առհասարակ հանրային և քաղաքական դիսկուրսում, սոցիալական ցանցերում առկա ոչ նորմատիվ խոսքի, ատելության և անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ։
Հանձնաժողովը հորդորում է հասարակության բոլոր անդամներին հանրային քննարկումներում ու բանավեճերում տեսակետ և դիրքորոշում արտահայտելիս լինել զուսպ, պահպանել հաղորդակցման էթիկայի նորմերը, զերծ մնալ վիրավորանքից, ատելության խոսքից և ագրեսիվ հռետորաբանությունից, հիշել, որ բանավեճը պետք է նպաստի խնդիրների լուծմանը, ոչ թե դրանց խորացմանն ու նորանոր խնդիրների առաջացմանը:
Հանձնաժողովը գտնում է, որ հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորումը պետք է լինի մեր երկրի առաջնահերթ խնդիրներից: Այդ առումով լուրջ դերակատարություն ունեն թե՛ քաղաքական ու հանրային գործիչները և թե՛ լրատվամիջոցները»: