երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Գյումրու ընտրատեղամասերից շատերը հարմարեցված չեն հատուկ կարիքներ ունեցող անձանց համար

Գյումրու ընտրատեղամասերից շատերը հարմարեցված չեն հատուկ կարիքներ ունեցող անձանց համար

Գյումրիում ընտրատեղամասերից շատերը հարմարեցված չեն հատուկ կարիքներ ունեցող անձանց համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ինչպես համապետական, այնպես էլ Գյումրիում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին բցված տեղամասերից շատերի մուտքերի մոտ չկան թեքահարթակներ, կամ էլ՝ լինելու դեպքում նորմերին չէին համապատասխանում:

Խնդիրն առկա է ոչ միայն Գյումրիում, այլ ողջ հանրապետությունում: «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի ծրագրերի ղեկավար Գայանե Գրիգորյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրեց, որ ՀՀ տեղամասային կենտրոնների մատչելիության գնահատում է իրականացվել «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից՝ «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում Հայաստանում (ՍԵՊՊԱ)» ծրագրի «Մատչելիություն և քաղաքական ներառում» բաղադրիչի դրամաշնորհով, որը տրամադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական աջակցությամբ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) կողմից։

Ըստ Գայանե Գրիգորյանի՝ հանրապետության ամբողջ տարածքում առկա 2008 ընտրական տեղամասերից մշտադիտարկվել է 1987-ի մատչելիությունը։ «Պայմանականորեն թվով 524 տեղամասային կենտրոն կարելի է համարել մասամբ մատչելի, որոնք կարելի է քիչ ջանքերով և ֆինանսական ռեսուրսներով դարձնել լիովին մատչելի հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձանց համար, քանի որոշ տարածքների անմատչելիությունը պայմանավորված է ոչ միայն նախագծային և շինարարական, այլև կազմակերպչական գործոններով»,- նշեց Գայանե Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ իրենց կողմից տարբերանշաններ են փակցվել այն կառույցների մուտքերի մոտ, որոնք հարմարեցված են կամ կիսով չափով են հարմարեցված հատուկ կարիքներով անձանց տեղաշարժման համար:

Առաջնային է ոչ միայն տեղամասերում, այլ նաև դեպի տեղամասեր տանող ճանապարհների հարմարեցումը։ Բոլոր ընտրողները պետք է հավասար հնարավորություններ ունենան՝ իրացնելու իրենց ընտրական իրավունքը, կարողանալու ինքնուրույն մասնակցել ընտրական գործընթացներին՝ առանց կողմնակի աջակցության։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Գյումրիում տեղամասերի նախագահները վստահեցրին՝ եթե լինի անհրաժեշտություն, իրենք կօգնեն անվասայլակը ներս բերել տեղամաս, կամ դա կանեն տարածքի հասանելի վայրից;

Ընտրական համակարգերի միջազգային հաստատության տվյալներով՝ Հայաստանում 193,000 անձ ունի հաշմանդամություն, ինչը կազմում է Հայաստանի բնակչության 6%-ը:

  • Կիսվել: