երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գանձակում ոռոգման ջրի խորքային հոր է կառուցվում

Գանձակում ոռոգման ջրի խորքային հոր է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն մեկուկես ամիս է, ինչ ընթանում են ոռոգման ջրի խորքային հորի կառուցման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, խորքային հորի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 42 միլիոն 985 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Գանձակի համայնքապետարանը։

«Ծրագրի իրականացման արդյունքում մեր համայնքում ոռոգելի կդառնա շուրջ 40 հեկտար հողատարածք։ Ծրագրից կօգտվեն ավելի քան 300 տնտեսություն։ Կավելան թե՛ մշակվող վարելահողերը, թե գյուղմթերքների արտադրության ծավալները։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել սեպտեմբեր ամսի ընթացքում։ Աշխատանքներն իրականացնում է «Ֆավորիտ-Մ» ընկերությունը»,-ներկայացրեց Գանձակ համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանը։

  • Կիսվել: