շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե մենք Արարատյան դաշտի ջրերը վերականգնվող չդարձնենք, մի օր կկանգնենք աղետի առաջ. Սիմիդյան

Եթե մենք Արարատյան դաշտի ջրերը վերականգնվող չդարձնենք, մի օր կկանգնենք աղետի առաջ. Սիմիդյան

Մենք նախատեսում ենք, որ ջրօգտագործման թույլտվություններով ստորերկրյա ջրերի օգտագործումը ձկնաբուծարանների դեպքում կկրճատենք 40 տոկոսով. դրա արդյունքում որեւէ ձկնաբուծարան, որեւէ ջրի պակաս չի ունենալու: Այս մասին այսօր ձկնաբույծների հետ հանդիպման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ պատասխանելով օրեր շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող տնտեսվարողների հարցերին։

«Այսինքն եթե իրենք այսօր ունեն X չափի ջուր, այս փոփոխություններից հետո էլ կունենան նույնչափ ջուր: Մենք ասում ենք, որ ստորերկրյա հորից, ասենք, 1500 լիտր ջուրը կկրճատենք 40 տոկոսով, բայց դրա արդյունքներում ձեր ավազաններում ջուրը չի պակասի, քանի որ վերջնարդյունքում 40 տոկոս ջուրը դուք հետ կմղեք ձեր ավազաններ: Եթե մենք Արարատյան դաշտի ջրերը վերականգնվող չդարձնենք, մի օր կկանգնենք աղետի առաջ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ դա օգուտ չի տա, քանի դեռ ապօրինի գործող հորերը չեն փակվել, որոնց թիվը շուրջ 970 է, Սիմիդյանն ասաց. «Եթե մենք ապօրինի հորերը լուծարենք կամ կոնսերվացնենք, մենք վայրկյանում 3000 լիտր ենք խնայելու: Այն առաջարկը, որ մենք անում ենք, կխնայենք վայրկյանում 11 հազար լիտր:

Դուք ճիշտ եք ասում, որ եթե մենք սկսենք պաշարները վերականգնել, այն հորերը, որոնք ցամաքել են, կսկսեն շատրվանել, բայց մենք դրան զուգահեռ կանենք կոնսերվացման եւ լուծարման աշխատանքները, եւ այդ հորերը չեն շատրվանի, ու մենք ջրի կորուստ չեն ունենա»:

Ձկնաբույծներից մեկն ասաց. «Մենք ունենք մեկ մլրդ վերականգնվող պաշար։ 20 տարուց ավելի 1,1 մլդ-ից ավելի ջուր է օգտագործվել։ 2014թ․-ից մենք՝ ձկնաբույծներս, 30 տոկոսով պակասեցրել ենք, մեր գործն արել ենք։ 2014թ․-ից մինչև 2023թ․-ը չի կատարվել ժամանակին տիրազուրկ հորերի փակման աշխատանքներ, մեր ընդերքը սպառվել է։ Հիմա մենք ուրիշ բան չենք ասում, ասում ենք՝ ձեր տված թվերով՝ օգտագործում ենք ինքնավերականգնվող պաշարի 80 տոկոսը, ձեր թվերով՝ 500 մլն կորուստ կա, խնդրում ենք, գտեք այդ կորուստը, վերացրեք, հետո մեզ ասեք՝ 870 մլն-ին կպնե՞նք, թե՞ ոչ: Որտե՞ղ է 500 մլն-ը»։

Սիմիդյանն արձագանքեց․ «Մենք նպատակ չենք հետապնդում ձեր ջուրը կրճատելու, մենք ունենք նպատակ՝ օգտագործելով տեխնոլոգիա ջուրն արդյունավետ օգտագործել։ Ասում ենք՝ էս գործիքը կիրառեք, ունեցեք նույնչափ ջուր, իրար հետ էլ ավազանը վերականգնենք»։

Նշենք, որ ԱԺ-ում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Օրինագիծը ներկայացնելիս  շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել է, որ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:

  • Կիսվել: