հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ իրավապահ համակարգը  շարունակում է իրականացնել քրեական հետապնդում՝ այս ամենից իհարկե չէր կարող չօգտվել Ադրբերջանը․ Դավիթ Գալստյան

ՀՀ իրավապահ համակարգը  շարունակում է իրականացնել քրեական հետապնդում՝ այս ամենից իհարկե չէր կարող չօգտվել Ադրբերջանը․ Դավիթ Գալստյան

Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը) հայտարարություն է տարածել, որում մասնավորապես անդրադարձել է Ադրբեջանի դատախազության կողմից իր նկատմամբ հարուցված քրեական գործին։

Նա, մասնավորապես, նշել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր նախ ադրբեջանական, այնուհետև նաև հայաստանյան մամուլով տարածվեցին տեղեկություններ առ այն, որ  Ադրբեջանի Հանրապետության դատախազությունը  իմ նկատմամբ հարուցել է քրեական գործ՝ մաքսանենգ օդային ճանապարհով ապօրինի զենք-զինամթերք մատակարարելու դեպքի առթիվ. այդ գործով ինձ ներգրավվել են որպես մեղադրյալ և հայտարարել միջազգային հետախուզում։

​Կարծում եմ՝ բոլորի համար պարզ են նշված քրեկան գործի շինծու հիմքերը և դրա նպատակները։

Ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ ես երբեք որևէ անօրինական եղանակով զենքի մատակարարում չեմ իրականացրել: Բոլոր մատակարարումները կատարվել են զենքի առևտրային հարաբերություններում գործող միջազգային պահանջների և չափորոշիչների խստիվ պահպանմամբ։

Ցավում եմ, որ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում բարոյականությունից զուրկ և  ոլորտից բացարձակ գիտելիքներ չունեցող Ազգային ժողովի պատգամավորներ, պետական պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև նախկին և ներկա այլ պաշտոնյաներ հրապարակայնորեն սկսեցին կեղծ տեղեկություններ տարածել իմ և իմ գործունեության մասին, որից հետո իմ նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում: Այդ անձանց ազդեցությամբ իրավապահ և դատական համակարգի համատեղ ջանքերով ես շուրջ 4 ամիս գտնվում էի անազատության մեջ։ Ակնհայտ դիտավորությամբ և մանիպուլյացիաների միջոցով կեղծ տեղեկություններ սկսվեցին տարածվել նաև տարբեր լրատվական հարթակներում  և պետական մարմինների պաշտոնական կայքերում։ Հենց այդ տեղեկություններից օգտվելով, դրանց հղումեր անելով էլ Ադրբեջանի Հանրապետությունն այժմ կեղծ և շինծու քրեական գործերի միջոցով փորձ է անում ամեն գնով խոչընդոտել Հայաստան զենքի մատակարարումը։

Չնայած մեր բոլոր նախազգուշացումներին, իրավապահ համակարգը  շարունակում է իրականացնել քրեական հետապնդում՝ սահմանափակելով իմ ազատ տեղաշարժման իրավունքը։ Այս ամենից իհարկե չէր կարող չօգտվել Ադրբերջանը, որը փորձ է անում նաև իր կեղտոտ խաղերի և ծուղակների մեջ ներքաշել  հայ խոշոր գործարարներին՝ թիրախավորելով  հայկական բիզնեսը արտերկրում։

​Անկախ իմ նկատմամբ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում իրականացվող ապօրինի քրեական հետապնդումներից և  ճնշումներից՝ ես հրապարակային հայտարարում եմ, որ շարունակելու եմ անմնացորդ նվիրումով ծառայել իմ հայրենիքին, իմ հնարավորությունների ամբողջ ներուժով նպաստել հայրենիքիս հզորացմանը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի Դաշնության հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և Royalsys Engineering ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի նկատմամբ: 

Նրանք մեղադրվում են Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա մաքսանենգ ճանապարհով մատակարարելու մեջ։

Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2–ին` կալանավորվել։ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի ընթացքում ՊՆ–ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ–ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել:

 

  • Կիսվել: