հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Երկու հոգու սպանած, մի քանի հոգու դանակահարած արզականցի տղամարդը ավազակային հարձակում է կատարել Աբովյան քաղաքում

Երկու հոգու սպանած, մի քանի հոգու դանակահարած արզականցի տղամարդը ավազակային հարձակում է կատարել Աբովյան քաղաքում

Մինչ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ-հետախուզական և քննչական խմբերը որոնում են օրեր առաջ հանրապետությունը ցնցած 2 սպանության, մի քանի սպանության փորձի կասկածանքով որոնվող Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ՝ 46-ամյա Զորիկ Մելքոնյանին, վերջինս հերթական հանցագործությունն է կատարել Կոտայքի մարզում։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը օգոստոսի 31-ին ոստիկանության Կոտայքի բաժին է դիմում Կոտայքի մարզի բնակիչ՝ 50-ամյա Ա. Շ-ն և հայտնում, որ նույն օրը, ժամը 04։00-04։30-ն ընկած ժամանակահատվածում Զ. Մելքոնյանը Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի «Ռան Օյլ» բենզալցակայանում մոտեցել է իրեն և իր մոտ ունենալով դանակ՝ ցույց տալով, որ ինքը դանակով է, պահանջել է գումար և սննդամթերք, որից հետո սննդամթերքն ու ծխախոտը վերցնելով՝ հեռացել է։

Ժամեր անց Զ. Մելքոնյանը դարձյալ այցելել է Ա. Շ-ի աշխատավայր, կրկին գումար է պահանջել, որին ի պատասխան՝ ինքը հայտնել է, որ իր մոտ գումար չկա։ Դրանից հետո Զ. Մելքոնյանը պահանջել է Ա. Շ-ին պատկանող խորհրդային արտադրության մակնիշի ավտոմեքենայի անվադողը, բջջային հեռախոսի քարտ և գումար, ապա հեռացել։

Նշված դեպքով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: