ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու․ Մարության

Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու․ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել՝ դիմելով այն քաղաքացիներին, որոնք հանրային շահի կոպիտ խախտմամբ ապօրինի շինություններ են կառուցում։

Նա, մասնավորապես, նշել է․

"Դիմում եմ այն քաղաքացիներին, որոնք հանրային շահի կոպիտ խախտմամբ ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ են կառուցել Երևանի տարածքում:

Տեղյակ եք, որ նախկինում շարունակաբար ապամոնտաժել ենք և հիմա էլ ինտենսիվ կերպով շարունակում ենք ապամոնտաժել ապօրինի կառույցները: Այդ աշխատանքների ընթացքում երբեմն ապօրինի կառուցապատում իրականացնողները կամ վերջիններիս ներկայացուցիչները մեր աշխատակիցներից ժամանակ են խնդրում՝ «իրենց ձեռքով» ապօրինի կառույցները քանդելու համար:

Սրա վերաբերյալ հայտնում եմ.

ա) ինքնակամ կառույցներ նախաձեռնողները ի սկզբանե պետք է տեղյակ լինեին, որ ապօրինություն են գործում, հետևաբար, ըստ էության, ինքնակամ կառույցներ իրականացնելու պահից սկսած՝ նրանք ժամանակ և հնարավորություն ունեին «իրենց ձեռքով» կանխելու կամ վերացնելու ապօրինությունը:

բ) ընդունեք այս հայտարարությունը որպես ևս մեկ զգուշացում: Սրանով ևս մեկ հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները: Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու:

Երևանի քաղաքապետարանն իր գործողություններում հաստատակամ է: Հետևողականորեն գնալու ենք հանրության շահի կոպիտ խախտմամբ կառուցված բոլոր ապօրինի շինությունների հետևից":

  • Կիսվել: