երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Դեսպան Մինասյանը Ռումինիայի Սենատի նախագահին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

Դեսպան Մինասյանը Ռումինիայի Սենատի նախագահին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի նախագահ Անկա Դրագուին։ Այս մասին հայտնեցին Ռումինայում ՀՀ դեսպանությունից: 
 
Շնորհավորելով տիկին Դրագուին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ դեսպանը զրուցակցին ներկայացրել է նախորդ տարիներին Ռումինիայի և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսության դրական դինամիկան։
Ռումինիայի Սենատի նախագահը հույս է հայտնել, որ համավարակի աստիճանական հաղթահարման հետ մեկտեղ այս տարի հնարավոր կլինի վերականգնել միջխորհրդարանական համագործակցության նախահամավարակային ակտիվությունը։ Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ուժի մեջ մտնելը և հույս են հայտնել, որ այն երկու կողմերի համար նոր հնարավորություններ կստեղծի։
 
Դեսպան Սերգեյ Մինասյանը ներկայացրել է 2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, դրանում Թուրքիայի մասնակցությունը՝ ընդգծելով, որ եվրոպական անմիջական հարևանության տարածքում հակամարտություններն ուժով կարգավորելու Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններն ուղղակիորեն հակասում են եվրոպական արժեքներին։ Դեսպան Մինասյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդների վերադարձի, հայկական պատմամշակությային ժառանգության պահպանության հրատապության հարցերին։
 
Միաժամանակ, դեսպան Մինասյանը գոհունակությամբ հիշատակել է Արցախի բնակչությանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Ռումինիայի աջակցության մասին։
 
Ռումինիայի Սենատի նախագահը նշել է, որ Ռումինիան շարունակում է ուղղություններ փնտրել հակամարտությունից տուժածներին աջակցություն ցուցաբերելու հարցում՝ հավելելով, որ Ռումինիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների շարունակումը։
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ և ռումինացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, հայ համայնքի կարևոր դերը Ռումինիայի պատմության ընթացքում։ Քննարկվել են Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումները և երկուստեք հավաստիացումներ են հնչել միջխորհրդարանական շփումներն ակտիվացնելու ցանկությունների մասին։
 
Հանդիպման ավարտին տիկին Դրագուն ՀՀ դեսպանին ներկայացրել է նաև Սենատում անցկացվող ընտանեկան բռնությանը նվիրված ցուցադրությունը։ Կողմերը համաձայնել են, որ քաղաքական և սոցիալական հակամարտությունների ժամանակ կանայք և երեխաներն ամենախոցելի խմբերից են և կարիք ունեն հատուկ պաշտպանության։

  • Կիսվել: