երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ինչ էլ ստորագրվի ՀՀ կառավարության կողմից, պետք է հիշենք՝ կարևոր է ուժեղ դառնալ, որպեսզի երկու կողմերն էլ հավատարիմ մնան համաձայնագրին. Վարդանյան

Ինչ էլ ստորագրվի ՀՀ կառավարության կողմից, պետք է հիշենք՝ կարևոր է ուժեղ դառնալ, որպեսզի երկու կողմերն էլ հավատարիմ մնան համաձայնագրին. Վարդանյան

Ցանկացած խաղաղության համաձայնագիր, որ ստորագրվում է առանց էության, չի կարող խաղաղությունը պահպանել երկրների միջեւ կամ տարածաշրջանում: Այս մասին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս տարվա հերոսների անունները նշելու արարողության ժամանակ նշեց նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:

«Ինչ էլ ստորագրվի ՀՀ կառավարության կողմից,  մենք պետք է հիշենք, որ կարեւոր է ուժեղ դառնալ, որպեսզի երկու կողմերն էլ հավատարիմ մնան համաձայնագրին: Իմ կարծիքով, մենք ուժեղ չենք դառնա մեր տնտեսությամբ, երկրաշինությամբ, սփյուռքաշինությամբ: Մենք չենք կարող վստահ լինել, որ ինչ էլ ստորագրվի, երկարատեւ կհարգվի մեր հարեւանների կողմից, ուստի թիվ մեկ խնդիրը ուժեղ Հայաստան կառուցելն է: Իսկ դա հնարավոր չէ անել առանց Սփյուռքի:

Երկրորդ, ցանկացած անձ, որը պետության կողմից համաձայնագիր է ստորագրելու, պետք է հասկանա, որ սա ոչ միայն պետության խնդիրն է, այլեւ ազգի, ուստի քննարկումների մեջ հավասարակշռություն գտնելու հարցում պետք է շատ զգույշ լինել: Առանց կոնսենսուսային լուրջ քննարկումների հնարավոր չի լինի իրավմամբ դա ստորագրել:

Երրորդը, երբ խոսում ենք հայ-թուրքական հարաբերությունների մասին, ոչ միայն այն է, թե որքանով եւ ինչպես կարող ենք պաշտպանել մեր տարածքն ու տնտեսությունը, այլ նաեւ՝ ուր ենք ուզում գնալ, ինչի ենք ուզում հասնել: Ուզո՞ւմ ենք Արեւմտյան Հայաստանում մեր ժառանգությունը վերաստեղծել, ուզո՞ւմ ենք այնտեղ հայեր ապրեն, թե ոչ: Եթե խաղաղություն ես հաստատում հարեւանի հետ, պետք է ապացուցես, որ ոչ միայն կարող ես պաշտպանել քո տարածքը, այլեւ կարող ես նոր կերպ քեզ դիրքավորել տարածաշրջանում»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:

  • Կիսվել: