Ինչո՞ւ եք խաբում ԼՂ ժողովրդին ու սուտ պատրանքներ ներարկում. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Իրար աչքերի մեջ շուտ-շուտ նայեք ու կտեսնեք ԼՂ-ի հանձնումը, կտեսնեք ձեր բաժին մեղքը ԼՂ հայ ժողովրդի տեղահանման գործում: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ խոսքն ուղղելով խորհրդարանական ընդդիմությանը:
«Դո՞ւք չէիք, որ միտինգներ էիք անում Հանրապետության հրապարակում, ամեն ինչ անում էիք, որ ԼՂ հայ ժողովուրդը լքի իր հայրենի հողը, չպայքարի իր իրավունքների համար, գա Հայաստան, ավելի կոնկրետ՝ Հայաստանի Հանրապետության հրապարակ, ավելի կոնկրետ՝ Կառավարության (շենքի-խմբ.) դիմացի ձեր միտինգներին: Դրանից այն կողմ էլ ո՞նց կարելի է թիրախավորել ԼՂ հայ ժողովրդին: Այդ մարդկանց չթողեցիք՝ իրենց իրավունքների համար պայքարեն, բերեցիք ՀՀ, հիմա էլ նրանց վերադարձի մասի՞ն եք խոսում:
Ինչո՞ւ եք խաբում այդ ժողովրդին ու սուտ պատրանքներ ներարկում: Ախր դուք էլ գիտեք, որ սուտ եք խոսում: Չե՞ք ամաչում ԼՂ հայ ժողովրդից, որ շարունակում եք սին պատրանքներով խաբել ձեր քաղաքական նպատակներն իրականացնելու համար:
Հայ ժողովրդին թիրախավորելով ձեր քաղաքական նպատակներն իրականացնելը ձեր հարյուրամյա քաղաքականության կոդի մեջ է, և դա չի փոխվում: Թիրախ դարձնել հայ ժողովրդին, լուծել սեփական քաղաքական և սեփական հարցերը, դա ձեր քաղաքական կոդն է»,- ասաց նա: