շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Այս մեկը դառնում է Սպիտակի երկրաշարժից հետո հաջորդ խոշոր երկրաշարժը․ Սոս Մարգարյան

Այս մեկը դառնում է Սպիտակի երկրաշարժից հետո հաջորդ խոշոր երկրաշարժը․ Սոս Մարգարյան

Հայ-վրացական սահմանին նախօրեին տեղի ունեցած 5,2 մագնիտուդով երկրաշարժը համարվում է չափավոր ուժեղ:  Այս մասին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը:

«Շատ հավանական է, որ այս երկրաշարժի հետցնցումները տեւեն մի փոքր ավելի: Համեմատության համար ասեմ, որ նախորդ տարվա օգոստոսին տեղի ունեցած նույն վայրում երկրաշարժտը 4,5 մագնիտուդով, առաջին օրը 69 հետցնցում էր, իսկ դեպքում քանի որ մագնիտուդը մեծ էր, 165 հետցնցում, եւ 40-րդ օրը հասել էր 223 հետցնցման»,-ասաց նա:

Սոս Մարգարյանը նկատեց, որ խորհրդային տարիներին շենքերը կառուցվել են 7-8 բալ ուժգնության երկրաշարժերի դիմակայելու համար, մինչդեռ պետք է կառուցվեին 9-10 բալի համար, ուստի սեյսմիկ առումով ունեն խոցելիություն. «Մեր մասնագետները մասնակցում են այսօր իրականացվող կառուցապատման նախագծային աշխատանքներին եւ այլն: Շատ փորեցին, թե քիչ փորեցին, մեզ էլ են բնակիչները զանգում ասում, բայց կարելի է մեծ վստահությամբ ասել, որ չեմ կարծում, թե շատ մեծ խախտումներ կանեն: Փորում են այնքան, ինչքան թույլատրվում է»,-ասաց Մարգարյանը:

Նրա խոսքով՝ Սպիտակի երկրաշարժից  հետո առաջին նորմը, որ ընդունվեց այն էր, որ Երևան քաղաքում   նորակառույցները  պետք է դիմակայեն  9 և ավելի բալ երկրաշարժի։

Սոս Մարգարյանն անդրադառնալով այն հարցին, թե նորակառաույց շենքերը քա՞նի բալ ուժգնությամբ երկրաշարժերի դեպքում պետք է կանգուն մնան։ Մարգարյանը հավելեց, որ շենքերի դիմադրողականության համար կա ընդհանուր միջինացված հաշվարկ, բայց շենքերի սեյսմակայունության  վրա ազդում են  նաև քաղաքացիների կողմից ձեռնարկվող շինարարական աշխատանքները։

«Կարելի է կառուցել նաև երկնաքեր, եթե կատարվում է ճիշտ հաշվարկ  և քո նորմատիվ դաշտը պատրաստ է դրան››,- ասաց Մարգարյանը՝ օրինակ բերելով ԱՄՆ-ն և Ճապոնիան, որտեղ երկրակեղևի խզվածքները առավել շատ են, բայց շենքերը կառուցվում են ըստ նորմերի ։

Այն հարցին, թե այս երկրաշարժն իր ուժգնությամբ կարո՞ղ է համարվել երկրորդը Սպիտակի երկրաշարժից հետո, Մարգարյանն ասաց․ «1991-ին Գավառում տեղի ունեցավ  5․1 մագնիտուդով երկրաշարժ, այս մեկը դառնում է Սպիտակից հետո հաջորդ խոշոր երկրաշարժը››։ 

Մարգարյանը հավելեց նաև, որ  թեև մագնիտուդը  5․2  բալ էր, այսինքն՝ փոքր չէր, բայց մեծ որևէ հետևանքներ տեղի չունեցան։ 

«Սա սովորական երկրաշարժ է, շատ բնորոշ։ Պարզապես քանի որ մագնիտուդը բարձր է շատ մարդիկ զգացել և վախեցել են, ինչպես եղավ անցած տարի  Երևանում՝ 4․5-4․7 մագնիտուդով։ Աշխարհում տարեկան հազարավորները տեղի են ունենում, այդ թվում նաև մեր նման սալերի բախման գոտիներում››,- նշեց Մարգարյանը ։ 

Ներկայացնելով նախորդ տարիներին գրանցված երկրաշարժերը՝ Մարգարյանը նշեց, որ 2019-ին տեղի է ունեցել 1500,2020-ին 1600,2021-ին 2500 երկրաշարժ։ 

 

  • Կիսվել: