ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այն ինչ տեղի է ունենում, կարող է դառնալ մեր պատմության բեկումնային կետը․ եսպիսկոպոս Բագրատ Գալստյան

Այն ինչ տեղի է ունենում, կարող է դառնալ մեր պատմության բեկումնային կետը․ եսպիսկոպոս Բագրատ Գալստյան

Այն ինչ տեղի է ունենում, կարող է դառնալ մեր պատմության բեկումնային կետը, բայց կարող է նպաստել նաեւ մեր պետության ամբողջական վերականգնմանն ու հզորացմանը։  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Բագրատ Գալստյանը։

Նա անընդունելի անվանեց հայկական հողերի, այդ թվում՝ Հայաստանի տարածքում գտնվող հողերի զիջումը։ Նրա խոսքով, Հայաստանի ներկայիս իշխանությունները ցեղասպանություն են իրականացնելու բառիս բոլոր իմաստներով. «Մեզ ներշնչել են անելանելիության գաղափարը եւ այդ թույնը աստիճանաբար թափանցում է ամենուր, բայց մենք պետք է պայքարենք մեր արժանապատվությունը վերականգնելու համար։ Վտանգված է գոյության իրավունքը, մեր ինքնությունը, մեր արժեքները, մենք կանգնած ենք ապրել-չապրելու երկընտրանքի առաջ»,- ընդգծեց Գալստյանը։

Նա նկատեց, որ Հայաստանի գործող իշխանություններն իրավունք չունեն ոտնձգություն կատարել հայ ժողովրդի ճակատագրի, ազատ կյանքի, սեփական պետություն ունենալու իրավունքի նկատմամբ։ «Մենք չենք հրաժարվում մեր բարեկամներից, բայց պետք է ապավինենք մեզ։ Մենք նույն կարգավիճակում ենք, ինչ 100 տարի առաջ, երբ մեզ անվանում էին մոռացված ժողովուրդ։ Պետք է ապացուցենք, որ մենք անպարտելի եւ չվերացած ժողովուրդ ենք»,- շեշտեց հոգեւորականը։

Հիշեցնենք, որ «Ազատ Արցախ. Հայերի ձայնը» նախաձեռնող խումբը ստորագրահավաք է սկսել օրենսդրությունը փոխելու համար, որը խստագույն պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչող եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։

Բագրատ Գալստյանը վստահություն հայտնեց, որ այս նախաձեռնության շրջանակներում յուրաքանչյուր ստորագրություն աղյուս է դառնալու ընդհանուր ճարտարապետության մեջ, որը կոչվում է Հաղթանակ։

«Բոլոր ուժերը պետք է միանան, որպեսզի շոշափելի արդյունք արձանագրվի, որպեսզի կառավարության ներկայիս ղեկավարն ու իր թիմը հասկանան, որ իրենց մնացել են հաշված օրեր կամ ժամեր»,- եզրափակեց նա։

  • Կիսվել: