Աշխատանքի հնարավորություն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում
Աշխատանքի հնարավորություն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում
2024թ․-ի մայիսից մեկնարկել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում
մշտական
համալրման գործընթացը։ Ծառայությունը վերակազմակերպման համատեքստում քաղծառայության մշտական հաստիքներ զբաղեցնելու հնարավորություն է ընձեռում պայմաններին համապատասխանող բոլոր քաղաքացիներին։


2022 թ-ի տարեվերջին ԱԺ-ում ընդունվեց Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ձևավորելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և ՏԿԵՆ միգրացիոն ծառայության հիմքով ՆԳՆ կազմում ձևավորվեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (ՄՔԾ)։
2023 թ․-ի ընթացքում նախկին երկու գերատեսչությունների աշխատակազմերը վերապատրաստվեցին և երկու փուլով քննություն հանձնեցին՝ թեստային, որի անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցները՝ նաև բանավոր։ Ատեստավորման ամփոփմամբ՝ առաջին փուլին մասնակցել է 505 աշխատակից, երկրորդ փուլին՝ 470 աշխատակից, որից էլ չեն ատեստավորվել 51 անձ։
Նոր ձևավորված մարմինն ամբողջությամբ անցում է կատարել քաղաքացիական ծառայության։ Արդյունքում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կազմում առկա է մոտ 150 թափուր հաստիք։
Քաղ․ծառայության հարթակում (cso.gov.am) և Ներքին գործերի նախարարության կայքում (mia.gov.am) պարբերաբար հրապարակվում են թափուր հաստիքներն (ինչպես ղեկավար, այնպես էլ մասնագիտական) ու դրանց դիմելու կարգը։
Ծառայության նոր կանոնադրությամբ ձևավորվել են հետևյալ կառուցվածքային միավորները՝
• Քաղաքացիության վարչություն,
• Անձնագրային վարչություն,
• Ապաստանի վարչություն,
• ՄՔ ոլորտի քաղաքականության իրականացման վարչություն,
• Օտարերկրացիների վարչություն,
• Բնակչության տվյալների մշակման վարչություն։
Մոտ 150 թափուր հաստիքներ առկա են ինչպես Ծառայության վարչական գրասենյակում (հասցե՝ Դավթաշեն 4-րդ թաղամաս, 17/10), այնպես էլ տարածքային ստորաբաժանումներում՝ և՛ Երևանում, և՛ բոլոր մարզերում։ Թափուր հաստիքներին ծանոթանալու և դիմելու համար անհրաժեշտ է առաջիկա ամիսներին հետևել վերոնշյալ կայքերի թարմացումներին, ինչպես նաև՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ֆեյսբուքյան էջին։