Արմավիրի քաղաքապետը՝ քաղաքում ալկոհոլից թունավորման դեպքի մասին
Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ալկոհոլի թունավորումից մարդկանց մահվան դեպքերին:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Սարսափելի ծանր օր էր բոլորիս համար: Մեր քաղաքին պատուհասած այս ողբերգությունը խլեց ինը արմավիրցիների կյանք, ևս մի քանիսը այս պահին գտնվում են տարբեր բժշկական կենտրոններում:
Մահացածներից երկուսը մեր գործընկերներն էին՝ աշխատում էին Արմավիրի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինությունում:
Ցավակցում եմ ալկոհոլային թունավորման զոհ դարձած մեր համաքաղաքացիների ընտանիքներին, հարազատներին, բոլորիս: Հիվանդանոցներում բուժում ստացողներին ցանկանում եմ առողջություն:
Ուժ և ամրություն բոլորիս՛՛:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ի գիշերը «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ շտապ բուժօգնության են տեղափոխվել Արմավիրի քաղաքի 4 բնակիչ, որոնցից երկուսը մահացել են, իսկ երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Արդեն սեպտեմբերի լույս 1-ի գիշերը ոստիկանության Արմավիրի բաժնում թունավորված քաղաքացիների հոսպիտալացման վերաբերյալ հաղորդումներ ստացվեցին մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից։ Նախնական տվյալներով՝ շուրջ մեկ տասնյակ անձ մահացել է, կան հոսպիտալացվածներ։


