Արմավիրի մարզում վարորդը Nissan X-Trail-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել ընկուզենուն. ուղևորը, ով նրա կինն է, տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Հովհաննես Յարաղյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ընկուզենուն:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է մահացած, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի համանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորը վարորդի կինն է, ում առաջինը օգնության են հասել գյուղացիները և կնոջը, երբ տեղափոխում էին հիվանդանոց, նա ասում էր. «Ամուսինս ավտոմեքենան քշելիս ասեց՝ վախ սիրտս, վախ սիրտս: Երևի սրտի հետ կապված խնդիր ունեցավ ու մենակ էն զգացի, որ գլխով առաջ եկավ ու խփեց ծառին: էլ ոչ մի բան չեմ հիշում», մենք էլ օգնեցինք կնոջը տեղափոխել հիվանդանոց:
Փաստի առթիվ քննիչ Ս. Խաչատրյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: