Արմավիրի մարզում Mercedes-ը բախվել է ГАЗ 5312 մակնիշի ավտոաշտարակին. կան վիրավորներ
Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհին կայանված, աշխատանքներ կատարող ГАЗ 5312 մակնիշի ավտոաշտարակի հետնամասին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանաել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխամատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: