Արգիշտի Քյարամյանը տեղում չէր․ զոհված զինծառայողների մայրերին խոստացան, որ առաջիկայում կհանդիպեն նրանց հետ
Քննչական կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և նշեց, որ ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանը աշխատավայրում չէ և առանձին ծնողներին կասի, թե որն է պատճառը։ «Լրատվամիջոցների ներկայությամբ շատ մանրամասներ չեմ ցանկանում ասել»,- ասաց նա։
Ռաֆայել Վարդանյանը ծնողներին վստահեցրեց, որ առաջիկայում հանդիպում կլինի, իսկ թե որ օրը, դրա մասին նախապես կտեղեկացնեն ծնողներին։
Նա նաև ասաց՝ իրենք տեղյակ չէին, որ ծնողներն այսօր ցանկանում էին հանդիպել ՔԿ նախագահի հետ․ «Դրա մասին իմացել ենք այն ժամանակ, երբ դուք եկաք այստեղ»։
Ծնողներից մեկի այն դիտարկմանը, թե միգուցե Արգիշտի Քյարամյանը նախապես իմացել է դրա համար չի եկել, Ռաֆայել Վարդանյանը նշեց, թե Քյարամյանը երբեք չի մերժել որևէ հանդիպում, պարբերաբար բոլոր ծնողներին ընդունել է։
Ծնողների հարցին, թե լինելու՞ է Փաշինյանի հարցաքննություն, թե՝ ոչ, ՔԿ պաշտոնյան պատասխանեց․
«Այո՛, հարցաքննվելու է, դատախազի կողմից կա ցուցում»,-հայտարարեց ՔԿ պաշտոնյան։
Հիշեցնենք, որ ապրիլի 13–ին ԱԺ–ում Փաշինյանը հայտարարել էր՝ «պատերազմը կարող էինք կանխել, որի արդյունքում կունանայինք նույն արդյունքը, իհարկե, առանց զոհերի»։
Այս հայտարարությունից հետո զոհված զինծառայողների մի շարք ծնողներ միջնորդություն էին ներկայարցել Դատախազություն։ Հավելենք նաև, որ 2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է։