երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Արարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան

Արարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան

Ավարտվել են Ջրային կոմիտեի նախաձեռնությամբ Արարատի մարզում օրվա կարգավորման երեք նոր ջրավազանների (ՕԿՋ) կառուցման աշխատանքները։

2025 թվականին մեկնարկել էին Արազափ-1 պոմպակայանի շուրջ 20 հազար խմ տարողությամբ ՕԿՋ-ի, ինչպես նաև Արմաշի պոմպակայանի 3-րդ և 4-րդ գոտիների ՕԿՋ-ների կառուցման աշխատանքները։

«Երեք ՕԿՋ-ները սպասարկելու են Արարատի մարզի Արարատ համայնքի Սուրենավան, Արմաշ և Պարույր Սևակ բնակավայրերի շուրջ 1,200 հա հողատարածքներ։ Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի շուրջ 900 հա հողատարածքի ջրապահովվածությունը, կկանխվեն ավելցուկային ջրերի անհարկի կորուստները։ Ոռոգման համակարգերում և գլխամասային հանգույցներում ջրի բավարար պաշարների կուտակումը հնարավորություն կտա ապահովել ոռոգման համակարգերի առավել ճկուն և արդյունավետ կառավարում։ Բացի այդ, ևս 300 հա հողատարածք կդառնա ոռոգելի»,- նշված է Կառույցի տարածած հաղորդագրության մեջ։

Երեք ՕԿՋ-ների շինարարական աշխատանքների, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 200 մլն դրամ։

Միաժամանակ շարունակվում են Ջրային կոմիտեի նախաձեռնությամբ ևս չորս ՕԿՋ-ների կառուցման աշխատանքները, որոնցից երկուսի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։

  • Կիսվել: