ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Արագածոտնի մարզում բախվել են BMW-ն ու Opel Zafira-ն. մահացածին ու վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Արագածոտնի մարզում բախվել են BMW-ն ու Opel Zafira-ն. մահացածին ու վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:20–ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Լանջիկի տարածքում բախվել են BMW և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, մեկ հոգի  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մահացածին և 3 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:

Օպերատիվ է գործել նաև  Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր  վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, սպայական դասակի ավագ տեսուչ Նորիկ Թադևոսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն սպայական դասակի ավագ տեսուչներ  Վահե Խաչատրյանն ու Մարատ Ենոքյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և հրշեջները կարողնան աշխատեն, ինչը ճանապարհային ոստիկաններին  հաջողվել է: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայատանի քննչական կոմիտեի Արագածոտնի  մարզային  քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արագածոտնի մարզային  վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Թալինի բաժնի պետը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

  • Կիսվել: