շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Փաստաբանների պալատին

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Փաստաբանների պալատին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանում է տարածել ՀՀ փաստաբանների պալատի հայտարարության վերաբերյալ: 

«ՀՀ փաստաբանների պալատի հայտարարության կապակցությամբ պարզաբանվում է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի մայիսի 27-ին խուզարկություն է կատարվել քաղաքաշինության ոլորտում թվային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «ՆԵՖՐԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության գրասենյակում, որտեղ հայտնաբերվել են վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող իրեր և փաստաթղթեր։

Խուզարկության ընթացքում պարզվել է, որ նույն ընդհանուր աշխատասենյակում է գտնվել նաև ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանի աշխատանքային սեղանը, որի մասին տեղեկանալով՝ վարույթն իրականացնող քննիչն այդ հատվածը չի խուզարկել, այդ հատվածից համակարգիչներ կամ այլ իրեր չի վերցրել /քննչական գործողությունն ամբողջությամբ տեսաձայնագրվել է/։

Միևնույն ժամանակ, տեղեկացվում է, որ եթե պարզվի, որ «ՆԵՖՐԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության զբաղեցրած հատվածից վերցված համակարգիչներից որևէ մեկը պատկանում է վարույթի հետ առնչություն չունեցող անձի, ապա այն կվերադարձվի վերջինիս՝ խստորեն պահպանելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ փաստաբանական գաղտնիքի անձեռնմխելիության և դրա պաշտպանության երաշխիքները։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց»,-ասված է պարզաբանման մեջ:

  • Կիսվել: