Անոթային խանգարումների առաջին իսկ նշանների դեպքում բժշկի խորհրդատվության հարցում պետք չէ հապաղել` հետագա բարդությունները կարող են լինել անդառնալի և համակարգային. Ռաֆայել Մանվելյան
Սրտի անխափան աշխատանքն ու արյունատար անոթների նորմալ գործունեությունը, կարելի է ասել, առողջության գրավականն են: Եթե անոթային համակարգում խանգարումներ են առաջ գալիս, դրանք հիմնականում բերում են լուրջ խնդիրների այլ օրգան համակարգերում ևս: Մարդկության ներկայիս կենսակերպը՝ նստակյաց աշխատանքը համակարգչի առջև, երկարատև ոտքի վրա կանգնած, լարված աշխատանքը, խաթարված էկոլոգիան, սթրեսն ու վատ սովորությունները էլ ավելի հաճախակի են բերում անոթային խանգարումների: Արյունատար անոթների ախտահարումները մեր դարի ամենավտանգավոր և հաճախ հանդիպող հիվանդություններից են, որոնք, ցավոք, կարող են ունենալ նաև անդառնալի հետևանքներ` ընդհուպ մինչև վերջույթների ամպուտացիա: Ուստի անոթային խանգարումների առաջին իսկ նշանների դեպքում բժշկի խորհրդատվության հարցում պետք չէ հապաղել, InfoPort.am-ի հետ զրույցում նշում է «BEST LIFE» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՌԱՖԱՅԵԼ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ:
-Պրոֆեսոր, ո՞ր ֆակտորներն են խթանում անոթային հիվանդությունների առաջացումը:
- Շատ մեծ նշանակություն ունի կենսակերպը, նաև ժառանգական նախատրամադրվածությունը մեծ դեր ունի: Բոլորն էլ կարող են նույնատիպ նստակյաց կամ հակառակը լարված ֆիզիկական աշխատանք կատարել, բայց ոչ բոլորի մոտ է առաջանում երակների լայնացում: Ընդհանրապես, մի քանի գործոններ կան, որոնք բերում են ստորին վերջույթների ախտահարման` հիմնականում դրանք ժառանգական նախատրամադրվածությունն ու կենսակերպն են: Ծխելը, սթրեսն ու լարվածությունը եւս իր դերակատարումն ունեն անոթային հիվանդությունների առայացման հարցում:
-Պրոֆեսոր, ոչ մասնագետի աչքով` ամեն երրորդ կնոջ մոտ նկատելի են անոթների արտահայտված կամ թեկուզ հազիվ նշմարելի անոթային խնդիրներ, արդյո՞ք կանայք անոթային հիվանդությունների ավելի են հակված:
-Այո, կանայք մոտավորապես 3-4 անգամ ավել են հակված երակների հետ կապված խնդիրների քան տղամարդիկ: Այս հիվանդությունները խթանող գործոն կարող են հանդիսանալ կանացի հորմոնները, հղիությունը, ծննդաբերությունը: Եվ հենց այստեղ է, որ անհրաժեշտ է վաղ դիմելիությունը բժշկին: Այս բոլոր փուլերում կինը պարբերաբար պետք է դիմի անոթաբանի, որպեսզի հնարավոր լինի կանխել հնարավոր տրոմբոզները եւ, իհարկե, պահպանել վերջույթների էսթետիկ տեսքը:
–Տարիքային գործոնը ազդու՞մ է հիվանդության զարգացման վրա:
– Ներկայումս անոթային ախտահարումներ կարելի է հանդիպել անգամ երիտասարդ աղջիկների մոտ: Ավելին` նկատել ենք, որ երակների վարիկոզ լայնացում ունեցող մեծահասակ կանանց մոտ հիվանդության դեբյուտը եղել է հենց երիտասարդ տարիքում:
– Ո՞ր դեպքերում է անոթային ախտահարումները բերում երակների վարիկոզ լայնացման:
-Ինչպես արդեն նշեցի երակների հետ կապված խնդիրների առավել հակված են կանայք և հենց նրանց մոտ է առավել հաճախ հանդիպում երակների վարիկոզ լայնացում: Կանացի սեռական հորմոնները երակային պատերի վրա թուլացնող ազդեցություն ունեն: Հղիությունը ո՛չ միայն նպաստող, այլև ռիսկի գործոն է: Հիվանդության զարգացմանը նպաստում է նաև քաշը, երկար ժամանակ ոտքի վրա գտնվելը: Սակայն ինչպես արդեն նշեցի, հիվանդության զարգացմանը նպաստող ամենաէական գործոնը` գենետիկան է: Գիտական տվյալների համաձայն, եթե ծնողներից գոնե մեկը ունի երակների վարիկոզ լայնացում, երեխաների մոտ հիվանդության կրկնվելու հավանականությունը 60% է:
-Պրոֆեսոր, որո՞նք են անոթային խնդիրների մասին ահազանգող առաջին ախտանիշները:
-Ոտքերի ստորին վերջույթների հոգնածությունը, օրվա մեջ գոյացող, ապա գիշերվա ընթացքում անցնող այտուցները, անոթային աստղիկները: Նման ախտանիշների առաջացման դեպքում հիվանդը պետք է օր առաջ դիմի մասնագետի` հետագա բարդություններից խուսափելու համար: Կան հատուկ ոչ ինվազիվ մեթոդներ: Անոթային էխոգրաֆիան թույլէ տալիս տեսնել ողջ երակային ցանցը եւ հասկանալ խնդրի էությունը և բարդությունը և ըստ այդմ առաջարկել բուժման ստրատեգիա:
- Ո՞ր դեպքերում է գործը հասնում վիրահատական միջամտության և ինչպիսի՞ հետևանքներ է ունենում դա:
-Վիրահատական միջամտության անհրաժեշտություն առաջ է գալիս բարդացած դեպքերում: Սակայն ի տարբերություն նախկինի ներկայումս անոթային վիրաբուժությունը կրում է քիչ տրավմատիկ բնույթ, ինչի շնորհիվ նույնիսկ ընդհանուր անզգայացման կարիք չի առաջանում: Սա թույ՛ է տալիս ապահովել հիվանդի վաղ ապաքինում եւ վաղ վերադարձ բնականոն, ակտիվ կյանքի:
-Հաճախ անոթային խնդիրների դեպքում, մարդիկ դիմում են ժողովրդական բժշկության, Դուք նման մեթոդներ ընդունու՞մ եք:
-Կլասիկ բժշկությունը չի ճանաչում նման մեթոդներ, եւ պետք է ասեմ, որ դրա վնասը ավելի շատ է լինում, քան օգուտը, քանզի մարդիկ ապավինելով, այսպես ասած, ժողովրդական բժշկությանը, անտեսում են հիվանդությունը և բժշկի են դիմում, երբ արդեն հիվանդությունը բարձիթողի վիճակում է:
–Ինչպե՞ս խուսափել երակների վարիկոզ լայնացումից: Մի քանի պրակտիկ խորհուրդ...
–Պետք է ապրել ակտիվ կյանքով, սննդակարգը պետք է լինի բալանսավորված: Պետք խուսափել նստակյաց կյանքից, նախընտրելի է փոփոխական դիրքը: Բարձրակրունկներն ու ամբողջովին տափակ կոշիկները նույնպես նպաստում են հիվանդության առաջացմանը: Եվ իհարկե, եթե կան ախտանշաններ, ինչպես արդեն նշեցի, միանգամից դիմել բժշկի:
-Կա՞ արդյոք երակների, անոթների խնդիրներ ունեցող հիվանդների համար հատուկ սննդակարգ:
-Իհարկե, կան դիետիկ սննդակարգեր տարբեր դեպքերի համար:
-Կարո՞ղ են անոթային հիվանդություններին զուգահեռ զարգանալ այլ հիվանդություններ:
-Բավականին կարեւոր հարց եք տալիս, երբ մենք խոսում ենք ստորին վերջույթների մասին, ապա միանգամից ասեմ, որ առաջին հերթին տուժում է մաշկը, այն ուղղակի որակազրկվում է: Շատ հաճախ կարելի է նկատել մաշկի գույնի փոփոխություն` մաշկի մգեցում, հետքեր, որոնց հիմնական պատճառը անոթային ոչ ճշգրիտ ցիրկուլյացիան է: Խնդիրներ են առաջանում նաև փափուկ հյուսվածքներում եւ ինչքան շուտ դրանք կախվեն, այդքան շուտ կարելի կանխարգելել հետագա բարդությունները:
-Պրոֆեսոր, ինչպե՞ս են անոթային ախտահարումները բուժում «Best Life» կլինիկայում:
-Նախ «Best Life» կլինիկայի ամենակարեւոր առավելությունը համակարգված եւ գերժամանակից սարքավորումներով աշխատելն է: Երկրորդ կարեւոր առավելությունը թիմային աշխատանք է սրտաբանների հետ, չէ որ սրտանոթային համակարգը մեկ միասնական համակարգ է և սիրտ-անոթային հիվանդությունները շատ հաճախ համկացաված են: Օրինակ ստորին վերջույթների զարկերակային ախտահարումով հիվանդը շատ հաճախ ունենում սրտային խնդիրներ, իսկ մեկ վայրում սրտաբանների եւ անոթաբանների համակցված աշխատանքը թույլ է տալիս ավելի համակարգված եւ արդյունավետ բուժում և ավելի լավ արդյունք ապահովել: Երրորդ` մեր կլինիկան միջազգային ստանդարտների ուղեցույցների կրող է, և մեր վիրահատությունների որակը եւ արդյունավետությունը պայմանավորված է շատ դեպքերում հենց այդ փաստով: Մենք աշխատում ենք հետ չմնալ ժամանակից բժշկական զարգացումներից, և միանշանակ ասեմ` դա մեզ հաջողվում է: