երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ամուլսարի շահագործման դեմ պայքարողների ֆինանսավորման հետ կապված իրավական գործընթաց տեղի չի ունենում. նախարար

Ամուլսարի շահագործման դեմ պայքարողների ֆինանսավորման հետ կապված իրավական գործընթաց տեղի չի ունենում. նախարար

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, թե Ամուլսարի հանքի բացման դեմ արշավը հովանավորում են հանքարդյունաբերական այլ ընկերություններ, նշեց, որ կան բնապահպանական կազմակերպություններ ներկայացնող անձինք, որոնք ֆինանսավորվել են այլ տնտեսվարողներից։

Նա նաև ասաց, որ Ամուլսարի շահագործման դեմ պայքարողների ֆինանսավորման հետ կապված իրավական գործընթաց տեղի չի ունենում։ «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է պայմանագիր կնքել և աշխատել իրավաբանական անձի հետ, որոնք կարող են հանրայնացնել, թե որ կազմակերպության հետ են աշխատում»,- նշեց նա և հիշեցրեց, որ Ամուլսարի հետ կապված օրենքի տառին համաձայն փորձաքննություններ դեռ չեն իրականացվում, փոխարենը իրականացվում են գործընթացներ մի քանի անհամաձայնությունների մասով։

Պատասխանելով հարցին, թե ինչ է որոշվել Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ և ինչ քայլեր են ձեռնարկում, նախարարը հիշեցրեց, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։

Դիտարկմանը, թե Ամուլսարի հիմնական խնդիրներից մեկը թթվային դրենաժն է, և այդ խնդրով երբ է ուսումնասիրվել մյուս հանքերի թթվային դրենաժը և ինչ տարբերություն կա, Էրիկ Գրիգորյանն ասաց, որ տարբեր ակտիվ մետաղական նյութերի փոխազդեցության արդյունքում որոշ հանքերում ևս թթվային դրենաժի պրոցեսներ կան։

 

 

  • Կիսվել: